Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ 


 

Հիշեցնենք՝ այսօր Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի և գրավի։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանների միջնորդությունը։


 

Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։


 

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։


 

Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):