Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարեսկզբին ավանդաբար հանդես եկավ լրատվամիջոցների հետ ասուլիսով։ Բնականաբար նա ադրադարձավ նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Եվ բնականաբար այս ասուլիսը ևս, ինչպես նախորդները, չէր կարող չգրավել Հայաստանի մամուլի ուշադրությունը։ Հայաստանյան մամուլում անմիջապես հայտնվեցին նաև որոշ վայ «փորձագետների» «վերլուծությունները»։ Դրանք, սակայն, արված չէին Հայաստանի Հանրապետության պետական շահի տեսանկյունից՝ դիտարկելու Ալիևի հայտարարությունների, հռետորաբանության, նարատիվների դրական կամ բացասական, վտանգավոր կամ խաղաղությանը միտված խոսույթի կողմերը, նպատակները։ Ինչպես միշտ՝ մակերեսային, ասելիքի էությունը բաց թողած և ամենակարևորը՝ Հայաստանի իշխանությանը հարվածելու նպատակով և հայ հասարակության շրջանում վախեր սերմանող, խաղաղության գործընթացը կասկածի տակ դնող ու առհասարակ՝ այդ գործընթացը տորպեդահարող հերթական չարագույժ, բայց ինչպես արդեն վերը նշեցինք՝ մակերեսային ու ոչ պրոֆեսիոնալ շարադրանքներ էին։
Ալիևի խոսքում բնականաբար կան
ու կլինեն նարատիվներ, որոնք առնվազն չեն նպաստում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին,
սակայն այս մարդկանց ու լրատվամիջոցների մի մասին դա չէ, որ հուզում է։ Նրանք փորձում
են գտնել բառեր, մտքեր, որոնք հեշտորեն կարող են հանրությանը հրամցնել որպես ապոկալիպտիկ
ու Հայաստանի կործանման ռիսկերով։ Ալիևը, օրինակ, խոսում է խաղաղությունից և հայտարարում,
որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, և պետությունները թևակոխել են
խաղաղության փուլ, և երկրներն ու հասարակությունները
սովորում են ապրել խաղաղության պայմաններում։ Բայց Ալիևը խոսել է նաև, այսպես կոչված,
«Զանգեզուրի միջանցքից»։ Եվ ահա այս տողերը բերկրանք են ապահովել «վայ մասնագետների»
համար։
Բայց եկեք ընդամենը մեկ շերտ
խորանանք ու տեսնենք, թե ինչ է ասել Ալիևը, և ինչ փաստաթղթեր են ստորագրվել։
Օրինակ` ոմն քաղաքագետ Արա Պողոսյան,
որի մտքի գոհարները հայտնվել են նաև ընդդիմադիր մամուլում, անդրադառնալով Ալիևի հայտարարության՝
ապաշրջափակման թեմայի հատվածին, գրել է, որ Ալիևի այդ հայտարարությունը կարելի է բնորոշել
որպես «Հայաստանի իշխանությունների վրա թքել»։
Եկեք կարդանք Ալիևի հայտարարության
այդ հատվածը։
«Մենք սկսել ենք
միջանցքի իրականացումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մի քանի ամիս անց: Ես կասկած
չունեի, որ այդ ճանապարհը բացվելու է: Եթե կասկածներ լինեին, մենք, հավանաբար,
նման միջոցներ չէինք ներդնի: Ես նույնիսկ իմ ելույթներից մեկում ասել եմ, որ այն
բացվելու է ցանկացած ճանապարհով: Երբեմն նման հռետորաբանությունն էլ է անհրաժեշտ
լինում, որովհետև դա, մեղմ ասած, խթանում է հակառակ կողմին»,- ասել է Ալիևը:
Նախ նկատենք, որ Ալիևն այս դեպքում օգտագործում է
«ճանապարհ բառը»։ Ինչ վերաբերում է ագրեսիվ հռետորաբանությանը, ապա պետք է նկատել,
որ նախկինում Ալիևը իրոք խոսում էր ուժի միջոցով այդ ճանապարհը բացելու մասին։ Եվ
այս նույն վայ մասնագետները ամեն օր գուժում էին, որ պատերազմ է սկսվելու,
Սյունիքը վտանգված է, խաղաղությունն՝ անիրատեսական։ Այսօր արդեն այդ
հռետորաբանության մասին թե՛ վայ մասնագետները, թե՛ Ալիևը խոսում են անցյալ
ժամանակով։ Եվ հիմա ո՞ւմ երեսին թքել է սա նշանակում՝ վայ մասնագետների՞, որ օրը
մի բան են գուժում, կանխատեսում, որը տեղի չի ունենում, բայց համառորեն և
աներեսաբար շարունակում են կանխատեսել ու գուժել, թե՞ ՀՀ իշխանությունների, որ
չնայած ամենին՝ գնացին խաղաղության ճանապարհով և բերեցին այն։
Շարունակենք Ալիևի հայտարարության այդ «ապոկալիպտիկ»
հատվածն ընթերցել։
Ահա՝ ակնհայտորեն, այսպես կոչված, քաղաքագետը ոգևորվել է
«Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից։ Եվ հետո հավանաբար չի էլ կարդացել Ալիևի մյուս
մտքերը կամ կարդացել՝ չի հասկացել, կամ կարդացել, բայց չի ընկալել՝ խիստ ոգևորված
և կուրացած լինելով իր համար բաղձալի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ։
Հակառակ դեպքում կնկատեր մի քանի բան. նախ՝ իրոք Հայաստանը չի խուսափի դրանից, որովհետև այն առաջին հերթին Հայաստանի շահերից է բխում։ Տարածաշրջանում ոչ ոք այնքան չի շահում ճանապարհների ապաշրջափակումից,
որքան Հայաստանը, և ոչ ոք այնքան չի տուժի այդ ճանապարհների ու սահմանների փակ
մնալուց, որքան Հայաստանը։
Երկրորդ՝ Արա Պողոսյանը գոնե նկատեր, որ վերևում
«ճանապարհ» բառն օգտագործելուց հետո Ալիևը խոսում է նաև Իրանի տարածքով անցնող «Արաքսի
միջանցքից»։ Վստահաբար՝ Իրանի տարածքով միջանցքը չունի արտատարածքային ենթատեքստ,
ինչպես չունի Հայաստանի տարածքով անցնողը։ Այդ մասին հստակ գրված է այդ թվում՝
Թրամփի ստորագրությամբ փաստաթղթերում։ Եվ ինչպես Ալիևը կասեր՝ Թրամփի հետ
պայմանավորվածությունների խախտումը ինքնասպանություն կլինի որևէ կողմի համար։ Եվ
բացի դրանից՝ Ալիևն իր հարցազրույցում խոսում է նաև տարածքային ամբողջականության
մասին՝ հստակ նշելով դրա կարևորությունը։ Այս հատվածը Արա Պողոսյանի աչքից վրիպել
է։ Հավանաբար, որովհետև դրա մեջ «Զանգեզուրի միջանցք» բաղձալի ձևակերպումը չի
պարունակվել։
«Ահա այսպես, բաքվեցի
բռնապետը աստիճանաբար բացում է խաղաքարտերը…»,- եզրափակելով գրել
է Արա Պողոսյանը։ Թե ինչ քարտերի մասին է խոսում Պողոսյանը՝ անհասկանալի է։ Բայց
հասկանալի է մեկ բան՝ այո՛, առաջին հերթին Հայաստանի շահից է բխում
ապաշրջափակումը, և այո՛, Հայաստանը, վստահաբար, դուրս կգա ներկայիս փակուղային
իրավիճակից՝ որքան էլ արապողոսյանները մեթոդիչկայով կռկռան Հայաստանի շահերի դեմ։
Վոլոդյա Հակոբյան