Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են 15 հազար զինծառայող ուղարկել Ուկրաինա՝ խաղաղության կնքումից հետո. The Times

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են 7500-ական զինծառայող ուղարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովելու համար՝ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում: Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրին։


Թերթի տեղեկություններով՝ բրիտանական ռազմական ղեկավարությունն առաջարկել է ուղարկել 10 հազար զինվորական, սակայն պաշտպանության նախարարությունը այդ ծրագիրը համարել է «անկայուն»՝ հաշվի առնելով բրիտանական բանակի ներկայիս թվաքանակը (մոտավորապես 71.000 պատրաստված զինծառայող, ինչպես նշում է The Times-ը)։


Զորախմբի մնացած մասը կազմելու են ֆրանսիական զինվորականները։ Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո առայժմ միայն այս երկու երկրներն են համաձայնվել զինվորականներ ուղարկել Ուկրաինա, իսկ ենթադրվող զորախմբի թվաքանակը «սպասվածից զգալիորեն փոքր է», նշում է The Times-ը։


Թերթի մի քանի զրուցակիցների խոսքով՝ նույնիսկ 15.000 մարդուց բաղկացած զորախումբը «չափազանց լավատեսական է թվում»։ Եվրոպայում Ուկրաինայի մեկ այլ խոշոր դաշնակից՝ Գերմանիան, պատրաստ է ուժեր տեղակայել Ուկրաինայի մոտակայքում՝ հնարավոր է Լեհաստանում կամ Ռումինիայում, ասել է The Times-ի ռազմական աղբյուրը։


Այնուամենայնիվ, Ուկրաինա ուղարկվող զորքերի վերջնական թվաքանակը դեռևս համաձայնեցված չէ, դրանց տեղակայումը կախված կլինի բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ հրադադարի պայմաններից, նշում է թերթը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։