Արարատ Միրզոյանն ու Քրիստինա Քվինը անդրադարձել են «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում  են ԱԳՆ-ից:


 

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը:

Ի թիվս այլ ծրագրերի, զրուցակիցներն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության, կայուն զարգացման խթանման տեսանկյունից։


 

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործընկերության օրակարգի հարստացման գործում ունեցած ավանդի համար՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։


 

Տեսանյութը՝ այստեղ: