Հունվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը։
Ինչպես հայտնել է ՊՆ-ն, ատեստավորման շարային և ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Քննաշրջանի առաջին օրը ատեստավորման գործընթացին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել շարային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, ձգումներ պտտաձողի վրա և վազք 100 մետր վարժաձևերից։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։