Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական
տեղապահ տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի հետ խոսել ենք եկեղեցու շուրջ տեղի
ունեցող իրադարձությունների, իր նկատմամբ սպառնալիքների և կաթողիկոսի հեռացման հնարավորության
մասին։
Տեր Գուսանի խոսքով՝ մի բացահայտում պետք է անի։ «Հունիսին Մայր
Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի կողմից ոչ թե սպառնալիք, ինչպես հաճախ, այլ լուր
փոխանցվեց, որ սրբազանները իրար հետևից վեհափառ հայրապետին իրենց զորակցությունն են
հայտնում: Ես, անկեղծ ասած, մտադրություն չունեի միանալու իրենց, ոչ թե որովհետև վեհափառին
անպայման անձնապես և Մայր Աթոռ Էջմիածնին դեմ եմ, այլ բացարձակապես ճիշտ հակառակն է։
Մենք միշտ հարգել ենք վեհափառ հայրապետին, մեր ամբողջական նվիրումը և պատրաստակամությունն
ենք հայտնել Մայր Աթոռ Էջմիածնին, սակայն ես համաձայն չեմ իրենց այս վարած քաղաքականությանը
և նաև հակականոնական վերաբերմունքին, անարդարությանը»,- ասաց տեր Գուսանը։
Ինչ վերաբերում է իր անձին, ապա իրենք ճանապարհ ընկան, որպեսզի
Շվեյցարիայի թեմը հաստատվի, որովհետև իրենց
տարեկան ընդհանուր անդամական ժողովների ժամանակ ժողովուրդն իրեն հարց էր տալիս, թե
ինչ վիճակում է թեմական կառույցը, և ինչու պաշտոնապես չի հաստատվում, և եթե հաստատվի, բնականաբար,
պետք է առաջնորդ ընտրեն, և ոչ թե վեհափառը նշանակի։
Տեր Գուսանի խոսքով՝
ըստ այդ կանոնադրության, որը վավերացված և հաստատված է, դա պարտադիր է բոլոր
թեմերի համար, որում նշված է, որ թեմի առաջնորդը պետք է ընտրվի երեք թեկնածուներից։
«Եվ վեհափառը այս ընթացքում ինձ վիրավորեց, ոչ թե որ ես ասում
եմ, որ անպայման ես պետք է լինեմ առաջնորդը, այլ օրենքով երեք թեկնածուներից մեկը պիտի ընտրվի։ Պատգամավորները պետք է ընտրեն
և որին հարմար համարեն, նրան էլ կընտրեն, բայց ոչ թե պետք է պարտադրվի մեզ, մանավանդ
Շվեյցարիայի պես օրենքի երկրում։ Եվրոպայի մեջ, Ամերիկայի մեջ, ոչ մի տեղ վեհափառն
իրավունք չունի նշանակելու։ Հայաստանի մեջ անում է, նախկին Սովետական Միության երկրների
մեջ անում է, որտեղ ընտրության սիստեմ չկա, օրենք չկա։ Ժամանակն է, որ այնտեղ էլ հաստատվի։
Վերջիվերջո ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր հոգևոր առաջնորդին՝ համաձայն ՀԱԵ ժողովրդավարական
սկզբունքների։ Հետևաբար ես էլ միացա սրբազաններին, անշուշտ՝ ոչ անմիջապես, օրեր անց,
երբ որ ինձ էլ փսփսացին, որ ժամանակն է՝ դու էլ պետք է քո մասնակցությունը բերես, եթե
սիրում ես քո եկեղեցին։ Անշուշտ, ես հիմա այստեղից ասում եմ՝ ստիպված այդ քայլին գնացի
և վեհափառին իմ զորակցությունը հայտնեցի։ Թեև շատ չափավոր բաներ գրեցի՝ առանց վիրավորական
արտահայտությունների»,- ասաց տեր Գուսանը։
Նա նաև կոչ հղեց իր հոգևոր, սրբազան եղբայրներին և նաև արժանապատիվ
քահանա հայրերին՝ նշելով, որ ժամանակը հասունացել է, քանի որ նրանց չմիանալով՝ մեր
եկեղեցին ավելի կտկարացնեն, իսկ միանալով՝ ընդհակառակը, այդ միջոցով իրենց հավատարմությունը
պիտի արտահայտեն մեր հայրերի պետականությանը և իշխանությանը, որը հայության, մեր եկեղեցու
ապահովության գրավականն է։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան