Երեկ Ադրբեջանից Հայաստան
վերադարձած մեր հայրենակիցներից Վիգեն Էուլջեքջյանը «Մուրացան» հոսպիտալում բուժզննություն անցնելուց հետո տեղափոխվել
է Քննչական կոմիտե։ Ըստ հոսպիտալի տնօրենի հայտնած տեղեկության՝ Էուլջեքջյանը ստացիոնար
բուժման կարիք չունի։ Հայաստան վերադարձած
չորս մեր հայրենակիցների՝ Քննչական կոմիտեում գտնվելու մասին ՔԿ-ից տեղեկություն չհայտնեցին՝
նշելով, որ թեման նուրբ է։
Հիշեցնենք, որ երեկ՝
օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանում գտնվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը
և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների
ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների
ներկայացուցիչներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտնել
էր, որ վերջիններս նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։
Վագիֆ Խաչատրյանի առողջական
վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Հավելենք, որ Վագիֆ Խաչատրյանը երեկ բուժզննություն
է անցել «Նորք-Մարաշ» ԲԿ-ում։ «Մեր պացիենտի
մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն, պարզ է՝ որպես գաղտնիք
շատ չենք ընդլայնվի, պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով
հայտնաբերվել է այդ խնդիրը»,- երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր ԲԿ-ի տնօրեն
Միքայել Ադամյանը՝ խոսելով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի առողջական
վիճակի մասին։
«Այս պահի դրությամբ
քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն
համապատասխան հետազոտություններ, և հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք»,- ասել
էր նա։