«Ուզում ենք, որ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը». Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը անդրադարձել է TRIPP-ի հրապարակված փաստաթղթին և նշել, որ շատ ուշադիր ուսումնասիրել են այն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ:


«Եթե կարճ՝ մեր նպատակը հետևյալն է. չնայած բազմաթիվ տեխնիկական դետալներին, մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ձևակերպվի ստորագրման ճանապարհով, իսկ այնուհետև որքան հնարավոր է շուտ իրագործվեն և կարգավորվեն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ուղին տարածաշրջանում կայունության և բարգավաճման պայմաններում։ Ներկայում այս ցանկությունն առկա է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարության շրջանում»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:


Նա կարևորել է նաև հունիսի սկզբին Հայաստանում կայանալիք ընտրությունները, որը, նրա խոսքով, կլինի կարևոր փուլ. «Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»: