Չինաստանն ու Օմանը կոչ են արել ԱՄՆ-ին և Իրանին դադարեցնել ռազմական գործողությունները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու Օմանը կոչ են արել ԱՄՆ-ին և Իրանին հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները, հաստատել լիակատար հրադադար և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։


Այս մասին նշված է երկու երկրների համատեղ հաղորդագրության մեջ, որն ընդունվել է Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեք Ալ Սաիդի՝ Չինաստան կատարած պետական այցի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Կողմերը ԱՄՆ-ին և Իրանին կոչ են անում հետևել խաղաղ ճանապարհին, հնարավորինս շուտ հասնել լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների ավարտի, վերադառնալ Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կատարմանը, ինչպես նաև վերսկսել երկխոսությունն ու բանակցությունները և հասնել համապարփակ համաձայնագրի, այդ թվում՝ միջուկային ծրագրի վերաբերյալ»,- ասվում է պետությունների ղեկավարների ստորագրած համատեղ փաստաթղթում, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ-ի կողմից։


Նշենք, որ Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեք Ալ Սաիդը վերջին 48 տարվա ընթացքում առաջին անգամ է պետական այցով մեկնել Չինաստան։ Այցը մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կավարտվի նոյեմբերի 2-ին։