Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի առաջին հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է անցկացվել ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Մոսկվայից դուրս։


«Մենք այդ մասին կտեղեկացնենք հանրությանը», – նշել է Կոբախիձեն։


Վարչապետը հավելել է, որ Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև շփումները շարունակական և ակտիվ բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել բանակցային ձևաչափի շրջանակում ընդգրկված բոլոր հարցերը։


Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի և Ռուսաստանի միջև նախկինում կասեցված երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով վերսկսելու մասին։