Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտված հինգ տղամարդկանցից երեքին վաղաժամկետ ազատ են արձակել, և նրանք ապրում են Չեչնիայում, պարզել է «Պրոյեկտ»-ը։
Խոսքը
Զաուր Դադաևի, որը ճանաչվել է սպանության անմիջական կատարող, և եղբայրներ Անզոր և
Շադիդ Գուբաշևների մասին է։ 2017 թվականին նրանց դատապարտել են համապատասխանաբար
20, 19 և 16 տարվա ազատազրկման։ Նրանց ազատ արձակման մասին «Պրոյեկտ»-ին հայտնել է
աղբյուրը, պարբերականը դրա անուղղակի հաստատումը հայտնաբերել է կառավարության արտահոսած
տվյալների բազաներում։
Դադաևը,
որի ազատազրկման ժամկետը, նույնիսկ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում,
կլրանար միայն 2028 թվականին, կալանավայրը լքել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նրա
ազատ արձակումը կարող էր իր երեխայի ծննդյան նվերը լինել, գրում է «Պրոյեկտ»-ը.
բանտում գտնվելու ընթացքում Դադաևն ամուսնացել է Ռամզան Կադիրովի վարչակազմի
աշխատակցուհու հետ։ Դադաևը բնակություն է հաստատել Գրոզնիից 80 կիլոմետր
հեռավորության վրա և մարել բանկի 1,2 միլիոն ռուբլի պարտքը։
Գուբաշև եղբայրները, հետաքննության
տվյալներով, ազատ արձակվելուց հետո նույնպես ամուսնացել են։ Նրանք ապրում են
Գրոզնիի բնակելի թաղամասերից մեկում և պլանավորում են տներ կառուցել։ Երեքն էլ
ազատ են արձակվել «հանգիստ կյանքի» պայմանով, ասել է աղբյուրը։
Սպանության խմբի մեկ այլ անդամ՝ Թեմիրլան
Էսկերխանովը, ազատ է արձակվել 2024 թվականին՝ պաշտպանության նախարարության հետ
պայմանագիր կնքելուց հետո։ Հինգերորդ դատապարտվածը՝ Խամզատ Բախաևը, դատապարտվել է
11 տարվա ազատազրկման և արդեն կրել է իր պատժաժամկետը։
«Պրոյեկտ»-ը ընդգծում է, որ Նեմցովի
սպանության ենթադրյալ կազմակերպիչներն ու պատվիրատուները այդպես էլ պատիժ չեն կրել։
Եվ խոսքը ոչ միայն ազդեցիկ պաշտոնյաների՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի,
Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի և Գերեմեևների ընտանիքի անդամների մասին է։
Ռուսլան Գերեմեևի վարորդ Ռուսլան Մուխուդինովը, որին հետաքննությունը պաշտոնապես
համարում է Նեմցովի սպանության պատվիրատու, ամենայն հավանականությամբ այդ ամբողջ
ժամանակաընթացքում նույնպես ապրել է Չեչնիայում, գրում է «Պրոյեկտ»-ը։ 2015
թվականից նա գտնվում է հետախուզման մեջ։