Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ պահանջների քննարկումը կարող է Մոսկվայի համար շահավետ օրակարգ ստեղծել։ Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընթացող եռակողմ բանակցություններին։
«Եթե մենք սկսենք քննարկել անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները, ապա կընկնենք նրա դրած ծուղակը։ Մեր ուշադրությունը կշեղվի այն փաստից, որ հրադադար չկա, և դրա փոխարեն կսկսենք լսել Ռուսաստանի հավակնությունները։ Եկեք կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ է կատարվում հիմա։ Մենք ունենք մեկ ագրեսոր և մեկ զոհ, և ագրեսորը անվտանգության ոլորտում որևէ մտավախություն չունի»,- հայտարարել է Կալասը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսություն վարել եվրոպական կողմի հետ։
«Երբ մենք հասկանանք նրանց իրական մտադրություններն ու խաղաղ գործընթացին նպաստելու պատրաստակամությունը, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի որոշում կայացնել Ուկրաինական կարգավորման շուրջ ընդլայնված ձևաչափով երկխոսություն անցկացնելու մասին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս։
Նրա խոսքով՝ այս պահին անհրաժեշտություն չկա փոխելու ռուսական պատվիրակության կազմը, որը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։