ՌԴ միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի տնտեսական և էներգետիկ անկախությանը. հայտարարություն

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարները Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։ 


«Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ միասին նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.


Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը:


Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ սերտ կապերի։


Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։


Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ապագան։


Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով Եվրամիության որոշման վրա, որով կասեցվել են դեպի ԵՄ արտահանվող հայկական ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը։


Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և շարունակելու ենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու կենսունակ ու դիմակայուն ժողովրդավարություն, ինչպես նաև զարգացնելու բարեկեցիկ տնտեսություն, որը լիարժեքորեն ինտեգրված կլինի տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։


Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։


Մենք խրախուսում ենք այդ ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»,- ասվում է հայտարարության մեջ։