Հունվարի 15-ին հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները Գյուրջյան փողոցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։
Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել գվարդիայի ծառայողների օրինական «կանգառ» պահանջին այլև վրաերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների և դիմել փախուստի։
Սկսվել է հետապնդում, որի ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական մեկ կամ երկու կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց ու շարունակել են իրենց փախուստը։ Տեսնելով, որ լրացուցիչ «կանգնիր» հրահանգին վարորդը չի ենթարկվում, գվարդիայի ծառայողներից մեկը իր անվամբ հաշվառված հաշվեցուցակային զենքով կրակոց է արձակել փախուստի դիմած «Mercedes»-ի հետևի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել բախվել է Սերո Խանզադյան փողոցի նրբանցքներից մեկում տեղադրված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բարձրավոլտ էլեկատրասյան բետոնե հատվածին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարվելուց հետո վարորդը ու ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից և տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, քննչական խումբը:
Ոստիկանություն տեղափոխված «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պահելու և իրացնելու մեջ։
Պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, բերման ենթարկվածների ու վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության գվարդիայի 2 ծառայողի ինքնությունը։