UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ արտահայտություններ է թույլ տվել թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի հասցեին։ Բրիտանացին մեղադրել է Արմանին վախկոտության մեջ՝ նշելով, որ Ծառուկյանը ի կատար չի ածել իր սպառնալիքները։
«Արմանը պարզապես պարծենկոտ է և մեծամիտ «ազնվական»։ Նա ինձ զզվանք է պատճառում։ Օրերս նա բարբաջում էր. «Երբ տեսնեմ Փեդիին, կհարվածեմ նրան»։ Դու ինձ տեսար անցած շաբաթ Կատարում և ոչինչ չարեցիր, փոքրիկ հիմար հայ»,- ասել է Փիմթլետը TNT Sports-ին տված հարցազրույցում:
Այս քննադատությունը հնչել է UFC 324 մրցաշարում թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար նախատեսված մենամարտի ֆոնին։ Հիշեցնենք, որ Փիմբլեթը մրցելու է Ջասթին Գեյջիի հետ։ Ավելի վաղ Ծառուկյանը քննադատել էր փրոմոուշենին այդ որոշման համար՝ կարծիք հայտնելով, որ UFC-ն, Փիմբլեթին առաջ մղելու նպատակով, խուսափում է իր և բրիտանացու մենամարտի կազմակերպումից։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) ընդհանուր առմամբ տոնել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։ Փիմբլեթն ունի նույն ցուցանիշը։