ՀՀ և Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են համագործակցությունը և COP17-ի օրակարգը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Մանոլ Գենովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


 

Հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղղությունները։


 

Նախարարը ներկայացրել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային առաջնահերթությունները՝ անդրադառնալով առաջիկա միջոցառումների հիմնական շեշտադրումներին ու սպասվող աշխատանքային փուլերին։ Ընդգծել է , որ համաժողովը կարևոր հարթակ է՝ կենսաբազմազանության պահպանության ու կայուն զարգացման նպատակների շուրջ համատեղ քայլերն ու մոտեցումները համադրելու համար։

 


Առանձնակի ուշադրություն են դարձրել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հիմնահարցերին՝ ջրի խնայող և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ջրային էկոհամակարգերի պահպանությանը, ինչպես նաև ջրային ռիսկերին դիմակայելու և կանխարգելման միջոցառումներին։ Այս համատեքստում կարևորել են փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների խթանումը։


 

Պայմանավորվել են շարունակել մասնագիտական շփումները և առաջիկայում դիտարկել կոնկրետ համագործակցային հնարավորություններ։