Ամեն ինչ կարվի, որ Ֆրանկոֆոնիայի խաղերին ապահովվեն շուրջօրյա որակյալ առողջապահական ծառայություններ. փոխնախարար

«Անհրաժեշտ ամենը կարվի, որ Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերի ընթացքում ապահովվի առողջապահական որակյալ ծառայությունների շուրջօրյա հասանելիությունը»,- ընդունելով Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը` վստահեցրել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


 

Պատվիրակության ղեկավար Վիվիեն Լյուբզանսկին, կարևորելով միջազգային լայնամասշտաբ այս միջոցառմանը երկրի պատրաստվածությունը հենց նաև առողջապահական տեսանկյունից, առանձնացրել է երեք հիմնական ենթակետ, որը պետք է Հայաստանն ապահովի խաղերի մասնակիցների և նրանց ուղեկցող անձանց համար.


  • Բժշկական հասանելիություն.
  • Հակադոպինգային միջոցառումներ.
  • Որոշակի չափանիշներին համապատասխան սնունդ:


Հայաստանը մշտադիտարկում է իրականացնում համաճարակաբանական տեսանկյունից, և, եթե Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ որևէ երկրում մտահոգիչ իրավիճակ լինի, կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:

 


«Հանրապետական շտապօգնության ծառայությունը» ևս ունի համապատասխան հնարավորություն` նման մասշտաբային միջոցառման առողջ ընթացքն ապահովելու համար:

 


Թեև հատուկ Ֆրանկոֆոնիայի խաղերի համար առանձնացված է ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն ու դրա ներուժը, բայց հարկ եղած դեպքում Երևանի բոլոր բժշկական կենտրոնները, որոնք Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացրած չափանիշներին համապատասխանում են, կտրամադրեն բուժծառայություն:

 


2027 թվականին ընդառաջ` Առողջապահության նախարարության և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև հանդիպումները շարունակական կլինեն: