Փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները փետրվարի վերջին կհանձնեն քննություն. կկազմվեն նոր թեստեր

ԳԹԿ–ն ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշում է կայացրել փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած սյունեցի դիմորդների համար «Հայոց լեզվի» միասնական քննություն անցկացնել փետրվարի վերջին։


Կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ կազմվելու են նոր թեստեր՝ համարժեք իրենց բարդությամբ, կառուցվածքով, քանի որ այսօրվա քննությունից հետո ինչպես հայտնի է, թետսրեը հրապարակվելու են։


«Մեր նպատակն է, որ անկախ իրենց կամքից քննության չներկայացած դիմորդները չզրկվեն տարվա մեջ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից։ Առաջիկայում կհայտնենք քննության անցկացման օրն ու վայրը»,– ասել է նա։


Նշենք, որ այսօր Սիսիանի տարածաշրջանից 40 դիմորդ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չի կարողացել մասնակցել Գորիսում անցկացվող քննությանը։