ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նախապես ներում շնորհել SpaceX ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկին, եթե ԱՄՆ Կոնգրեսը նրա նկատմամբ հետաքննություն սկսի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Մասկին և նրա գործընկերներին հնարավոր նախնական ներում շնորհելու վերաբերյալ հարցին Թրամփը պատասխանել է. «Իհարկե։ Ես նույնիսկ երկու անգամ չէի մտածի դրա մասին»։
ԱՄՆ նախագահը, անդրադառնալով իր դիրքորոշմանը, հիշատակել է նաև նախկին նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ պաշտոնավարման ավարտին ներում շնորհելու որդուն՝ Հանթեր Բայդենին, ինչպես նաև իր վարչակազմի մի շարք պաշտոնյաների։
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ դեմոկրատները քննարկում են Իլոն Մասկի գործունեության նկատմամբ հետաքննություն սկսելու հնարավորությունը։ Մասկը Հանրապետական կուսակցության խոշորագույն ֆինանսական աջակիցներից է։
Պարբերականի տեղեկություններով՝ դեմոկրատների ներկայացուցիչները դիտարկում են Կոնգրեսում վերահսկողություն ստանալու դեպքում հանձնաժողովների միջոցով Մասկի և նրա բիզնեսների, այդ թվում՝ SpaceX-ի գործունեությունն ուսումնասիրելու հնարավորությունը։