ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներ Յասամին Անսարին և Ռո Խաննան Կոնգրեսին կոչ են արել արգելափակել Իրանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների ֆինանսավորումը։
Համատեղ տեսաուղերձում նրանք ընդգծել են, որ ամերիկացի հարկատուների միջոցները պետք է ուղղվեն երկրի ներքին խնդիրների լուծմանը։ Անսարիի խոսքով՝ պատերազմի հետևանքով զոհվել են 23 ամերիկացի զինծառայողներ և հազարավոր մարդիկ Մերձավոր Արևելքում, իսկ ԱՄՆ-ում աճել են վառելիքի գներն ու կենսապահովման ծախսերը։
Ռո Խաննան հիշեցրել է Վիետնամի պատերազմի օրինակը՝ նշելով, որ Կոնգրեսը պետք է դադարեցնի Իրանում հարձակողական գործողությունների ֆինանսավորումը։
Օրենսդիրները Կոնգրեսին կոչ են արել համապատասխան քայլեր ձեռնարկել մինչև դեկտեմբերի 11-ը՝ պետական ֆինանսավորման շուրջ համաձայնության հասնելու վերջնաժամկետը։
«Ամերիկացի հարկատուների գումարներից այլևս ոչ մի դոլար չպետք է ծախսվի այս պատերազմի վրա», — հայտարարել են նրանք։