ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ 2027 թվականին կորոշի՝ կմասնակցի՞ արդյոք 2028 թվականի նախագահական ընտրություններին։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վենսը հստակ ժամկետ չի նշել՝ հասկացնելով, որ չի շտապում վերջնական որոշում կայացնել։
«Ես դեռ որոշում չեմ կայացրել։ Մենք կորոշենք հաջորդ տարվա ինչ-որ պահի»,- ասել է փոխնախագահը։ Հաղորդավարուհի Լորա Ինգրահեմի պնդումներից հետո նա հավելել է. «Երբ որոշում կայացնեմ, ամբողջությամբ հավատարիմ կմնամ դրան՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այն»։
Վենսի հայտարարությունը հնչել է նրա հետագա քաղաքական ծրագրերի նկատմամբ հետաքրքրության աճի ֆոնին՝ Հանրապետական կուսակցության և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջանկյալ ընտրություններում կրած պարտությունից հետո։
BBC-ի հետ զրուցած՝ Վենսի շրջապատի ներկայացուցիչները նշել են, որ նոյեմբերյան ընտրությունների արդյունքները չեն փոխել 2028 թվականի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում կայացնելու նրա ժամանակացույցը։ Սպասվում է, որ նա կառաջադրի իր թեկնածությունը, սակայն նրա դաշնակիցները կարծում են, որ Վենսը կարող է վերջնական որոշումը հետաձգել ևս մի քանի ամսով։
Սպիտակ տունը գլխավորելու Վենսի հնարավոր հավակնությունների մասին խոսակցությունները սկսվել են դեռևս 2024 թվականի ընտրություններում նրան Թրամփի փոխնախագահի թեկնածու ընտրելուց հետո։ Այդպիսով Վենսը, դառնալով ԱՄՆ պատմության ամենաերիտասարդ փոխնախագահներից մեկը, դիտարկվում է որպես Թրամփի «Դարձնենք Ամերիկան կրկին մեծ» (MAGA) շարժման ամենահավանական իրավահաջորդը։
Այնուամենայնիվ, փոխնախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վենսը հետևողականորեն խուսափել է սեփական քաղաքական հավակնությունների մասին խոսելուց։
Նա հավատարիմ է մնացել այդ դիրքորոշմանը նաև միջանկյալ ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Նրա ելույթների ժամանակ աջակիցները հաճախ վանկարկել են 2028 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու կոչեր։ Վենսի պատասխանը սովորաբար նույնն է եղել՝ հանրապետականները պետք է կենտրոնանան նոյեմբերին կայանալիք ընտրությունների վրա։