ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ թույլ տալ, որ Իրանի դեմ պատերազմը վերածվի երկարատև հակամարտության։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում տարիներով ներգրավված մնալ ռազմական գործողություններում։
«Թրամփը թույլ չի տա, որ սա վերածվի անվերջ պատերազմի։ Նրանք, ովքեր ցանկանում են նման զարգացում, կարող են քննադատել ինձ որքան ուզում են»,- հայտարարել է Վենսը։
Փոխնախագահի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հավատարիմ է ամերիկացի ժողովրդին տված խոստմանը՝ խուսափել երկարատև ռազմական հակամարտություններից։
«Մենք ամերիկացի ժողովրդին խոստացել ենք՝ այլևս ոչ մի անվերջ պատերազմ։ Մենք թույլ չենք տա, որ սա վերածվի 10-15 տարվա կամ, անկեղծ ասած, նույնիսկ երկու տարվա պարտավորության»,- ընդգծել է նա։
Վենսը նշել է, որ չնայած որոշ նեոպահպանողական շրջանակների՝ հակամարտության մեջ երկարաժամկետ ներգրավվածության կոչերին՝ Վաշինգտոնը մտադիր չէ անորոշ ժամանակով շարունակել ռազմական գործողությունները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ անկախ Թրամփի վերջնական որոշումից՝ կլինեն ուժեր, որոնք կպահանջեն պատերազմի շարունակություն և ավելի կոշտ գործողություններ։
Անդրադառնալով նախագահի հասցեին հնչող քննադատություններին՝ Վենսը նշել է, որ որոշ քննադատներ իրենց դժգոհությունն արտահայտում են իր հասցեին։
«Նրանք քննադատում են փոխնախագահին, և ես պատրաստ եմ դառնալ նախագահի պաշտպանական վահանը»,- ասել է նա։
Վենսն անդրադարձել է նաև էներգակիրների գների աճին՝ նշելով, որ դրա պատճառները միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով չեն պայմանավորված։ Նրա խոսքով՝ խնդիրը նաև ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում տասնամյակներ շարունակ ներդրումների անբավարարությունն է։
«Ինչո՞ւ 1970-ականներից ի վեր նոր նավթավերամշակման գործարան չենք կառուցել։ Դա նույնպես բարձրացնում է էներգակիրների գները»,- հայտարարել է փոխնախագահը։
Նա քննադատել է նաև կանաչ էներգետիկայի ոլորտում կատարվող մեծածավալ ծախսերը՝ պնդելով, որ այդ միջոցները կարելի էր ուղղել ԱՄՆ-ի նավթագազային ենթակառուցվածքների զարգացմանը։
«Ինչո՞ւ ենք տրիլիոնավոր դոլարներ ծախսում այսպես կոչված «կանաչ նոր խաբեության» վրա՝ սեփական նավթագազային ենթակառուցվածքները զարգացնելու փոխարեն»,- ասել է Վենսը։