Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևի երկու կամուրջներին

Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Հյուսիսային և Հարավային կամուրջներին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։


Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման ընթացքում կիրառվել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ և «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներ։


Հրթիռային հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի Չերկասի և Դնեպր քաղաքներին։ Պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել նաև Պավլոգրադից և Սմիլայից։


Զապորոժիեի մարզային վարչակազմի տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել է տարածաշրջանի արդյունաբերական ենթակառուցվածքային օբյեկտներից մեկը։


Հարվածներից հետո Կիևի որոշ շրջաններում առաջացել են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խափանումներ։


Այս պահին ավերածությունների մասշտաբների և հնարավոր զոհերի ու վիրավորների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան։