Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև զարգացման համագործակցության միջկառավարական խորհրդակցությունների շրջանակում այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հայաստանի զարգացման համագործակցության քաղաքականության ավագ պատասխանատու Անգելիկա Զյուլցենի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնել է կոմիտեն, պատվիրակության կազմում են եղել նաև Գերմանիայի «Վերականգնման վարկերի բանկի» (KfW), Հայաստանում Գերմանիայի դեսպանության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները, ՋԿ նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն ու ոլորտային պատասխանատուներ։
Քննարկման առանցքում եղել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման, կեղտաջրերի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտային ռազմավարական ծրագրերի մշակման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ֆինանսավորման մոդելների ու սակագնային քաղաքականության հարցերը։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու նախատեսվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու ջրային ենթակառուցվածքների զարգացումը Կառավարության առաջնահերթություններից են և արտացոլված են նաև առաջիկա հինգ տարիների կառավարության ծրագրում։
Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ կապված Ջրային կոմիտեի վերակազմավորման և Հողի և ջրի կոմիտեի ձևավորման հետ։ Մասնավորապես, անդրադարձել է կառույցի գործառույթների ընդլայնմանն ու ջրային ոլորտի փոխակերպման՝ վարչապետի կողմից հնչեցված հանձնարարականին։
Գերմանական կողմն ընդգծել է ջրային ոլորտում երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման հարցում համագործակցելու պատրաստակամությունը՝ կարևորելով ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ տեխնիկական աջակցության ծրագրերը։ Կարևորվել է նաև գերմանական մասնավոր հատվածի ներգրավումը ապագա մրցույթներում։