«Իմ քայլը»-ը 10 հայ ուսանողի կաջակցի Պեկինի Նորմալ համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու համար

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և Պեկինի Նորմալ համալսարանի (BNU) նախագահ Յու Ցզիհոնգը այս տարվա հունվար ամսին ստորագրել են համագործակցության հուշագիր։

Համագործակցության իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական  աշխատանքները համալսարանն արդեն ավարտել է, և ուրախ ենք հայտնել, որ «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում համատեղ ֆինանսավորմամբ 10 հայ ուսանող կարող է բարձրագույն կրթություն ստանալ Չինաստանի առաջատար հետազոտական համալսարաններից մեկում։

«Այսպիսով` սկսում է 2027–2028 ուսումնական տարում Պեկինի Նորմալ համալսարանում սովորել ցանկացող թեկնածուների հավաքագրման փուլը: Ի՞նչ ծրագրերի կարելի է դիմել

  • Բակալավրիատ և Մագիստրատուրա՝ 6 թեկնածու
  • Դոկտորական կրթական ծրագրեր՝ 2 թեկնածու
  • Կարճաժամկետ ուսումնական և վերապատրաստման ծրագրեր՝ 2 թեկնածու

Ի՞նչ աջակցություն է նախատեսվում

«Իմ քայլը» հիմնադրամը հոգալու է ընտրված և արդեն համալսարան ընդունված մասնակիցների ճանապարհածախսն ու այլ լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև, աջակցելու է նրանց ընդունելության հայտը լրացնելու հարցում: Իսկ ուսման ֆինանսավորման համար թեկնածուները պետք է ինքնուրույն դիմեն համալսարանի կրթաթոշակին։ Կրթաթոշակ ստացողներին կընտրի Պեկինի Նորմալ համալսարանը՝ իր չափանիշներին և քաղաքականությանը համապատասխան։ Համալսարանը նաև կաջակցի մասնակիցներին ուսանողական կացարանի հետ կապված հարցերում։

*Կրթաթոշակների և կացության պայմանները կախված են ընտրված ծրագրից, կրթաթոշակի տեսակից և համալսարանի սահմանած պահանջներից։ Հիմնադրամի կողմից ընտրվելը ինքնին չի երաշխավորում համալսարանի ընդունելությունը կամ կրթաթոշակի տրամադրումը․ դրանց վերաբերյալ վերջնական որոշումները կայացնում են համալսարանի համապատասխան բաժինները:

2027 թվականին հասանելի ծրագրերին, դրանց տևողությանը, ուսուցման լեզվին և մասնակցության պահանջներին անհրաժեշտ է ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքում։

Ո՞վ կարող է դիմել

Դիմել կարող են ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկանում են 2027–2028 ուսումնական տարում Չինաստանում սկսել իրենց բարձրագույն ուսումը կամ մասնակցել կարճաժամկետ կրթական ծրագրերի և համապատասխանում են իրենց ընտրած ծրագրի՝ համալսարանի սահմանած պահանջներին։

Մինչ հիմնադրամին դիմելը անհրաժեշտ է՝

  1. Ուսումնասիրել Պեկինի Նորմալ համալսարանի միջազգային ուսանողների ընդունելության պաշտոնական կայքը։
  2. Ընտրել այն կոնկրետ կրթական ծրագիրը կամ մասնագիտությունը, որին ցանկանում եք դիմել։
  3. Ծանոթանալ ընտրված ծրագրի ընդունելության պահանջներին, ուսուցման լեզվին, անհրաժեշտ փաստաթղթերին և դիմելու ժամկետներին (բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերին դիմելու վերջնաժամկետը 2027թ մարտի 10-ն է, իսկ կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2027թ հունվարի 25-ը) ։
  4. Լրացնել հիմնադրամի հայտը՝ նշելով ձեր ընտրած ծրագիրը։ 

Հիմնադրամը կուսումնասիրի ստացված հայտերը և թեկնածուների հետ կկազմակերպի հանդիպում՝ յուրաքանչյուր մասնակցի կրթական նպատակներին, ընտրած ծրագրին և ակնկալիքներին անհատապես ծանոթանալու և ընդունելության հայտի  լրացմանն աջակցելու համար։

Հայտերի ուսումնասիրությունից և հիմնադրամում նախնական հանդիպումից հետո թեկնածուները կանցնեն համալսարանի և համապատասխան կրթաթոշակային ծրագրերի հայտադրման ու ընդունելության ընթացակարգերը, որոնցից 10 մասնակցի, համալսարանն` իր ընդունելության չափանիշներին համապատասխան, հնարավորություն կտա սովորելու Պեկինի Նորմալ համալսարանում։

Հիմնադրամին դիմելու վերջնաժամկետ՝ 2026 թվականի դեկտեմբերի 17։

Հիմնադրամին դիմելու համար լրացրե՛ք հայտը հետևյալ հղումով՝  https://forms.gle/bnKBdJyLc5bvSyh37 »,- ասվում է հաղորդագրության մեջ