Իրանը փորձում է համաձայնության հասնել, բայց չի ընդունում մեր պայմանները․ Թրամփ

«Ես կատարեցի իմ ամենակարևոր այցը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Մենք բազմաթիվ համաձայնությունների ենք հասել, և մեր նպատակն է ապահովել անվտանգություն ու խաղաղություն»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Չինաստան կատարած այցի ամփոփիչ ելույթում դիմելով լրագրողներին։


Ընդգծելով, որ առաջիկայում վառելիքի գները կշարունակեն նվազել էլ ավելի արագ տեմպերով՝ Թրամփը նշել է, որ վառելիքի արժեքը կախված է նրանից, թե ինչպես կկարգավորվեն Իրանի հետ առկա հարցերը։


«Մենք ցանկանում ենք Իրանի հետ հասնել իրական, այլ ոչ թե կեղծ համաձայնության։ Իրանը փորձում է համաձայնության հասնել, բայց չի ընդունում մեր պայմանները»,- հայտարարել է Թրամփը։


Հայտնելով, որ Չինաստանի առաջնորդի հետ պայմանավորվել է արհեստական բանականության կիրառման ընդհանուր կանոններ սահմանելու շուրջ՝ Թրամփը շարունակել է․ «Մենք գերազանցում ենք Չինաստանին գերինտելեկտի ոլորտում։ Այս մրցավազքում հաղթողը կստանա ամեն ինչ»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։


Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը լուրջ պատժամիջոցներ կսահմանի այն ամերիկյան ընկերությունների նկատմամբ, որոնք փորձում են տվյալների մշակման կենտրոններ ստեղծել երկրի սահմաններից դուրս։