Կա՞ երաշխիք, որ ռուսական բազայի զորքերը Ազատության հրապարակում չեն հայտնվի․ փաստ է, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ի զինված ագրեսիան ու բռնի տեղահանումը․ Արթուր Սաքունց
Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանը համարում է «ոչ կոռեկտ» քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ 

- Պարոն Սաքունց, արդյոք ՌԴ-ն մտահոգվելու  լուրջ առիթ ունի՞  Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմամբ։ Արդյոք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդե՞րն է պատճառը, թե՞ այլ խնդիրներ ևս կան։ 

- Հռոմի ստատուտի վավերացումը այս պայմաններում ՌԴ-ի կողմից ընկալվում է որպես ՀՀ դիրքորոշում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, որովհետև նման որոշումը ակնհայտորեն ՀՀ-ին դիրքավորում է որպես միջազգային քաղաքակիրթ հանրության մաս, որը իր մոտեցումն է արտահայտում պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեմ իրավական գնահատական տալու առումով։ Քանի որ Կրեմլը գիտի, որ Կրեմլին հենց նման հանցագործությունների կատարման մեջ են մեղադրում, արդեն սա նշանակում է, որ ՀՀ-ն մասնակից է դառնում մի գործընթացի կամ իր որոշմամբ աջակցում է այն գործընթացին, որը ի վերջո պատասխանատվության է ենթարկելու Պուտինին։  Թե ՀՀ-ն ինչ գործառույթներ կիրականացնի այդ ուղղությամբ՝ դա այլ հարց է։

- Ստատուտը վավերացնելուց հետո Ադրբեջանի կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասով Ադրբեջանի վրա կարո՞ղ է պատասխանատվություն դրվել Միջազգային քրեական դատարանով, թե՞ ոչ։ 

- Միանշանակ կարող է, որովհետև խնդիրը հետևյալն է. ՄՔԴ-ն ինքը մեխանիզմ է, որով ոչ թե ՀՀ կողմից է իրավական գնահատական տրվում, այլ այն ունի միջազգային մեխանիզմի միջոցով կոնկրետ ռեժիմի և նրա ներկայացուցիչների դեմ ազդեցության մեխանիզմներ, որը ունենում է նաև քաղաքական հետևանքներ։ ՄՔԴ-ի որոշումները ունեն պարտադիր ուժ, և այս դեպքում Իլհամ Ալիևը և նրա ռեժիմի մնացած ներկայացուցիչները արդեն ստիպված են լինելու մեկուսանալ կամ թաքնվել միջազգային արդարադատությունից։

- Հնարավո՞ր է, որ  Ռուսաստանին անհանգստացնում է, որ եթե Հայաստանը Արցախի էթնիկ զտումների, հայաթափման, Ադրբեջանի ագրեսիայի ու պատերազմական հանցագործությունների հիման վրա երբևէ հայց ներկայացնի Միջազգային քրեական դատարան, ապա հնարավոր է, որ գործով պատասխանող, մեղադրյալ դառնա նաև Ռուսաստանը, որը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այդ տարածքում ապրող հայության անվտանգության երաշխավորն էր։

- Չեմ կարող ասել՝ անհանգստանում է, թե ոչ, բայց ՌԴ-ն շատ լավ էլ համագործակցում է Իլհամ Ալիևի հետ, և ակնհայտ փաստ է, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ի զինված ագրեսիան ու բռնի տեղահանումը, ու բնական է, որ պատասխանատվության մաս կունենա նաև Կրելմը, որովհետև ինքը ներկա է ոչ միայն դիվանագիտական ու քաղաքական, այլև ռազմական ներկայությամբ և ունի պարտավորություն նոյեմբերի 9-ին իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթով։ 

- Իսկ երբ ասում են, որ իրավական հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանը, խոսքը ի՞նչ լուրջ հետևանքների մասին կարող է լինել։

- Իհարկե, ինչպիսի պատասխանատվության որ արժանացան Միլոշևիչը կամ այլ բռնապետներ։

- Այսինքն՝ Ալիևին կարո՞ղ են դատել:

- Բնականաբար, արդեն իսկ անձամբ Ալիևի, իր պաշտպանության նախարարի և իր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչների դեմ քրեական գործի հիմնավորումները կան՝ հանձինս ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումների, որոնցում ամրագրված են նրանց կատարած խախտումները։ 

- Հռոմի ստատուտի ընդունումը արդյոք հավատարմության երդո՞ւմ էր Հայաստանի կողմից Արևմուտքին։

- Գիտեք, մի հանգամանք ասեմ. միջազգային նորմերը արևմտյան նորմեր չեն, դրանք միջազգային են, որի մեջ թե՛ արևմուտքն է, թե՛ հարավը, թե՛ հյուսիսը, և այս առումով նույնականացնել միջազգային նորմերը Արևմուտքի հետ, մանիպուլյացիա է։  Հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն չի վավերացրել Հռոմի ստատուտը, ուստի Հռոմի ստատուտը Արևմուտքի հետ նույնականացնելը հիմնավոր չի լինի, բայց նույն հարավում կան պետություններ, որոնք վավերացրել են՝ հանձին Հարավաֆրիկյան Հանրապետության, բայց ՌԴ-ն ու ԱՄՆ-ն չեն վավերացրել։ 

Ի դեպ, ժամանակին՝ իր նախագահության սկզբնական ժամանակահատվածում, Պուտինը կարևորում էր Հռոմի ստատուտը, բայց հետո, երբ իր վարքագիծը փոխվեց, նա հրաժարվեց այդ միջազգային նորմերի կարևորությունից. ագրեսիա սանձազերծեց Վրաստանի դեմ, ագրեսիա սանձազերծեց Ուկրաինայի դեմ։

- Իսկ ՌԴ-ն հիմա ի՞նչ քայլերով կարող է Հայաստանին պատասխանել։ 

- Հաշվի առնելով ՌԴ-ից Հայաստանի տնտեսական, էներգետիկ բավական մեծ կախվածությունը ու նաև՝ ռազմական, չմոռանանք, որ ՌԴ-ն ՀՀ-ում ունի նաև ռազմաբազա, նրանից ամեն ինչ էլ կարող ենք սպասել։ Կարող է լինել գազի  մատակարարման դադարեցում, Լարսի ճանապարհը կարող է փակվել,  մատակարարման ու արտահանման հետ կապված խնդիրներ, բայց ինձ ավելի շատ մտահոգում է, թե ՀՀ իշխանությունները ինչ նախապատրաստական ծրագրեր ունեն այդ հնարավոր գործողությունները կանխելու ու դրանց հետևանքները նվազեցնելու և այլ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Ենթադրենք, վաղը գազի մատակարարումը դադարեցվեց, մենք ինչ այլընտրանքային լուծումներ ունենք, կամ ատոմակայանի վառելիքը բերվում է ՌԴ-ից, մենք ինչպես ենք լուծելու այդ հարցը։ Ես հասկանում եմ, որ դա ունի խորհրդապահական նաև բովանդակություն, բայց այնուամենայնիվ պետք է հանրության մեջ լինի վստահություն, որ ենթադրյալ խնդիրների լուծման հետ կապված իշխանությունը ունի պահեստային տարբերակներ։

- Պարոն Սաքունց, «Հայաստան» դաշինքից կարծում են, որ Հայաստանը կարող է Վրաստանի ճակատագրին արժանանալ՝ հիշեցնելով 2008 թվականը, երբ ռուսական զորքերը մտան Վրաստան։ Այս առումով վտանգներ արդյոք կա՞ն։ 

- Նախևառաջ նշենք, որ զորքերը մինչև այդ էին գտնվում այնտեղ։ Մինչև 2008թ. ռուսական զորքերը գտնվում էին Աբխազիայում ու Հրվ. Օսեթիայում որպես խաղաղապահ, այնպես որ՝ միանգամից 2008թ.-ին նրանք այնտեղ չհայտնվեցին, պարզապես մեկ օրում խաղաղապահ զորքերը դարձան ագրեսիա իրականացնող ուժեր։ Բայց Վրաստանը արդյոք դրանից հետո կործանվե՞ց։ Հայաստանը կորցրեց ԼՂ-ն, որտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Հայաստանը ի՞նչ  շահեց։ Հայաստանը հիմա էլ գտնվում է կախվածության մեջ ՌԴ-ից, բայց Վրաստանը,  դե ֆակտո կորցնելով  Աբխազիան ու Հրվ. Օսեթիան, դարձավ ավելի անկախ պետություն։ 

- Իսկ հնարավո՞ր է, որ հիմա ևս ռուս խաղաղապահները տեղափոխվեն Հայաստան, ագրեսիվ դառնան, կամ Հայաստանում ռուսական ռազմաբազան արդյոք վտանգ չի՞ հանդիսանում։ 

- Մենք շուտ էինք ասում, որ ռուս խաղաղապահենրը ԼՂ-ում գլխացավանք են և երաշխիք չեն կարող լինել անվտանգության ապահովման համար, և դա հաստատվեց, բայց հիմա դրանք դարձել են Ադրբեջանի գլխացավանքը՝  Իլհամի գլխացավանքը։ Եթե այնտեղ հայ բնակչություն չի մնացել, ուրեմն ինչ հիմնավորմամբ են ռուս խաղաղապահները այնտեղ գտնվում։

Բայց այսպիսի բան էլ կա, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի համար միշտ էլ անվտանգության սպառնալիք է եղել։ Ես միշտ եմ ասել դրա մասին։ Վրաստանի դեմ ագրեսիայից հետո ես հարցազրույցներից մեկում հենց այդպես էլ անդրադարձել եմ, որ կա՞ արդյոք  երաշխիք, որ ռուսական բազայի զորքերը Ազատության հրապարակում չեն հայտնվի։ Այն ժամանակ օդում կախված մնաց այդ հռետորական հարցադրումը այսօրվա այդ «մտահոգների»  կողմից, որոնց հույս ու հավատը ռուսական բազայի ու զենքի վրա էր, որի մատակարարումը 2016թ. ապրիլյան պատերազմից առաջ այդպես էլ չեղավ։ Ավելի շատ հայտարարվեց, թե ինչ պետք է մատակարարվի, քան, թե ինչ է մատակարարվել։ 

Դավիթ Լևոնյան