ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ Հովհաննիսյան

Հայաստանը, որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցել է Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։


 

Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարություններով՝ ՄԱԿUN80 նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ադմինիստրատորի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի Գործադիր տնօրենի հետ հանդիպումների շրջանակնռրեում։


 

Հայաստանը ընդգծել է, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու ազդեցությունը և ապահովելով ծրագրային երկրների համար հուսալի աջակցություն։ Բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։ 

Առանձնակի ընդգծվել է UNDP-ի կենտրոնական դերը՝ ինտեգրված և արձագանքող զարգացման լուծումների գործում, հատկապես հատուկ իրավիճակում գտնվող և միջին եկամուտ ունեցող երկրների համար։


 

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNFPA-ի աշխատանքին, մասնավորապես՝ հումանիտար և զարգացման ոլորտներում օգնության տրամադրման ուղղությամբ։ Շեշտվել է UNFPA-ի դերը կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և խոցելի խմբերին աջակցման գործում։ 


 

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը առաջիկա տարիներին Գործադիր խորհրդի աշխատանքներին կառուցողական ներգրավվածություն ունենալու հարցում։