«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի»․ այսպես է դարեր շարունակ ինքն իրեն անվանել մեր Մայր Եկեղեցին և այս անվան ներքո է ներկայացել թե՛ քրիստոնեական աշխարհին, թե՛ պետական ու իրավական հարաբերությունների դաշտում։ Այդ անվանումը ոչ միայն պատմական ավանդույթ է, այլ՝ եկեղեցու ինքնագիտակցության, դավանաբանական դիրքորոշման և կանոնական ինքնության խտացված արտահայտություն։
Պատահական չէ, որ Հայ Եկեղեցին երբեք չի ընդունել արտաքին ուժերի կողմից իրեն վերագրված այլ անվանումներ։ Այդ անվանումներից յուրաքանչյուրը շրջանառության մեջ է դրվել ոչ թե չեզոք կամ գիտական նպատակներով, այլ՝ քաղաքական, վարչական կամ դավանաբանական հաշվարկներով, որոնք հաճախ ուղղված են եղել Հայ Եկեղեցու ինքնության նսեմացման, խեղաթյուրման կամ աստիճանական ձուլման հեռահար նպատակին։
Այդպիսի անվանումներից են, մասնավորապես՝
Եկեղեցիների, պետությունների և հասարակական կառույցների պաշտոնական անվանումները պատահական չեն։ Դրանք արտահայտում են տվյալ սուբյեկտի ինքնությունը, ինքնագիտակցությունը և իրավական կարգավիճակը։ Նույնիսկ անվան մեջ փոքր շեղումը կարող է առաջացնել լուրջ դավանաբանական տարակարծություններ, կանոնական խեղաթյուրումներ և անգամ քաղաքացիաիրավական կամ քրեաիրավական հետևանքներ։
Պատահական չէ նաև, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» անվանումը ամրագրված է Հայ Եկեղեցու կանոնադրության մեջ, որը 2011 թվականին հաստատվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից։ Սա ոչ միայն պատմական, այլև իրավական և կանոնական հաստատումն է Եկեղեցու պաշտոնական ինքնության։
Այս անվանումը միաժամանակ հստակ արտահայտում է Հայ Եկեղեցու դավանաբանական կողմնորոշումը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հավատարիմ է առաքելական ավանդությանը և Ընդհանրական Սուրբ Եկեղեցու հավատքին՝ չընդունելով 451 թ. Քաղկեդոնի ժողովի դավանությունը, որը ընդունվել է բյուզանդական ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու և նրան դավանաբանորեն հարող արևելյան եկեղեցիների կողմից։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հինգ քույր (ո’չ օրթոդոքս/ուղղափառ եւ ո’չ էլ կաթոլիկ) եկեղեցիների հետ միասին քրիստոնեական աշխարհում դասվում է այսպես կոչված Հին Արևելյան եկեղեցիների ընտանիքին՝ նկատի ունենալով Քաղկեդոնից հետո արևելքում ինքնուրույն զարգացած եկեղեցական ավանդությունը։ Երբեմն գործածվում է նաև «Հին Արևելյան ուղղափառ եկեղեցիներ» ձևակերպումը, սակայն այստեղ «ուղղափառ» եզրը չունի որևէ դավանաբանական նույնություն բյուզանդական ուղղափառության հետ. օրինակ՝ հունական, սլավոնական, ռուսական կամ վրացական ուղղափառ եկեղեցիների հետ և չի կարող դրանց հետ նույնացվել։
Դավանաբանորեն թե՛ բյուզանդական ուղղափառ, թե՛ կաթոլիկ, թե՛ ավետարանական եկեղեցիները Հայ Եկեղեցուց տարբեր դավանաբանական ընտանիքների են պատկանում։ Այդուհանդերձ, Քրիստոսի սիրո և հավատքի մեջ բոլորս մասնակից ենք Մեկ, Ընդհանրական, Սուրբ և Առաքելական Եկեղեցուն, սակայն սա արդեն այլ հարց է։
Եկեղեցու պաշտոնական անվանումը նրա դավանաբանության հայելին է և կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ ամբողջապես համապատասխանում է եկեղեցու ինքնագիտակցությանը և կանոնական իրականությանը։ Այդ իմաստով «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի» անվանումը ոչ միայն օրինական է, այլև դավանաբանորեն ճշգրիտ։
Այն վկայում է Եկեղեցու առաքելական հիմնադրության մասին՝ առանց սահմանափակելու նրա համընդհանուր բնույթը։ Ընդհակառակը՝ այն հաստատում է Հայ Եկեղեցու տեղը Քրիստոսի մեկ, սուրբ և ընդհանրական Եկեղեցու մեջ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին
- չի դադարում լինել ընդհանրական (կաթողիկե), որովհետեւ կրողն է Քրիստոսի ընդհանրական Եկեղեցու առաքելական հաջորդականությանը,
- չի դադարում լինել ավետարանական, որովհետև հիմնված է Սուրբ Գրքի եւ Ավետարանի վրա և քարոզողն է Սուրբ Ավետարանի,
- և չի դադարում լինել ուղղափառ, որովհետև հավատարիմ է Սուրբ Եկեղեցու հայրերի ուղղափառ դավանությանը և այն պահպանողն ու ուսուցանողն է։
Մեր հայրերի կողմից փոխանցված «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի» անվանումը մեկուսացման ցուցիչ չէ կամ բացառման հրամայական. ե’ս եւ միայն ե’ս։ Այն մեր հավատքի, ազգային ինքնության և սրբության ճանապարհի պատմության խտացված արտահայտությունն է, ինչպես նաև գիտակցումը, որ մենք Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մասն ենք։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սկզբունքորեն դեմ չէ ո՛չ Հռոմի Կաթոլիկ, ո՛չ Ավետարանական, ո՛չ էլ Ուղղափառ (Օրթոդոքս) եկեղեցիներին։ Ընդհակառակը՝ նա ձգտում է հարգալից, խաղաղ և եղբայրական հարաբերությունների՝ պահպանելով սեփական դավանաբանական ինքնությունը, կանոնական առանձնահատկությունը եւ ազգային ոգին։
Քաղկեդոնական եկեղեցիների հետ պատմական բաժանումը երբեք չի նշանակել թշնամություն կամ ատելություն, այլ հանդիսացել է ինքնության պահպանման հրամայական։ Այն դավանաբանական տարբերության արդյունք է, ոչ թե Քրիստոսի Սիրո կամ նրա Սուրբ Եկեղեցու միության խաթարում։ Մեր միությունը էութենական է եւ խարսխված մեր ինքնության եւ յուրահատկության մեջ։
Մեր միությունը պարտադրված կամ ձևական համաձայնություն չէ, այլ էութենական կապ, որն արմատավորված է մեր ինքնությունների և ազգային-հոգևոր առանձնահատկությունների փոխադարձ ճանաչման ու հարգանքի մեջ։
Ռաֆայել Պետրոսյան (նախկին Հայր Վազգեն)
Հրապարակումը՝ barenorogum.am-ի