Կարևորել ենք հունիսից Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:


«Ողջունել եմ դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։


Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան - Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։


Հանդիպման ժամանակ քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրեր։


Դեսպանին տեղեկացրել եմ, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում, և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։


Անդրադարձ ենք կատարել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։


Երկուստեք կարևորել ենք հունիս ամսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ»։