Երևանում մեկնարկում է փոսային նորոգման լայնածավալ ծրագիրը․ կիրականացվի 200 հազար քմ աշխատանք․ Ավինյան

Այս պահին Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա անհարմարություն է պատճառում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով մեկնարկելիք աշխատանքների մասին։


«Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել-հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները։


Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը։


Կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:


Բոլոր վարչական շրջաններում գործընթացը կկազմակերպվի գիշերային ժամերին՝ հետևյալ կերպ. նախ կիրականացվի երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:


Ապրիլ ամսից էլ կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում:


Խնդրում եմ համբերատար լինել։ Աշխատանքները լինելու են ինտենսիվ և հետևողական»,- գրել է Ավինյանը։