Քննարկվել են ընտրական գործընթացներին վերաբերող հարցեր․ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 11-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 

Օրակարգում 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացվածության և կարիքների գնահատման հարցերն էին:


 

Ընտրությունների հարցերով ավագ խորհրդական Քսենյա Դաշուտինան հետաքրքրվել է ընտրական գործընթացի կազմակերպման, քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացման, ինչպես նաև ՆԳ նախարարության կողմից իրականացվող նախապատրաստական միջոցառումներով։


 

Արմեն Ղազարյանը նշել է, որ նախարարությունն առաջին հերթին պատասխանատու է ընտրողների ցուցակների պատշաճ կազմման և հրապարակման համար։ Նա ներկայացրել է ընտրողների ցուցակների կազմման գործընթացը՝ անդրադառնալով տվյալների թարմացման ուղղությամբ Համայնքային ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից համատեղ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին։


 

Քննարկվել են նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ խախտումների հայտնաբերման և համապատասխան մարմիններին փոխանցման գործընթացում ՆԳՆ ոստիկանության իրավասությունները։

 


Կողմերն ընդգծել են ընտրական գործընթացի թափանցիկության և օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման կարևորությունը։


 

Ընտրությունների հրապարակայնության և թափանցիկության ապահովման գործընթացում կարևորվել են ակտիվ համագործակցությունն ու համակարգված աշխատանքը:


 

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: