Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը չի կարող լինել թեկնածու

Սահմանադրական կարգի «թավշյա» տապալում՝ հանուն մեկ մարդու քաղաքական ամբիցիաների։ Իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանն այսպես է բնորոշում «Ուժեղ Հայաստան» կուսակցության որոշումը՝ փոխել ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթը, որպեսզի իրենց առաջնորդ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը կարողանա կարգվել ՀՀ վարչապետ։  Իսկ նախքան այդ ուժեղների ցուցակը կգլխավորի Կարապետյաններից Նարեկը, որը կբարեխոսի ՀՀ քաղաքացիներին  այսօր ընտրել իրենց, որպեսզի Սամվել հորեղբայրը վաղը կարողանա դառնալ վարչապետ։ 

 

«Ցավոք  սրտի, այս ողջ պրոցեսը սուբյեկտիվ նկատառումներով է արվում»,- նկատում է Խալաթյանը։  «Ձուկը ջրում՝ բազառ անող» ուժեղհայաստանականները երևի մոռացել են հայտնի ասացվածքը՝  «կամենալը դեռ կարենալը չէ», այն է՝ պետք է նախ կարողանան խորհրդարան անցնել, սահմանադրական մեծամասնություն ձևավորել, հետո նոր անցնեն Մայր օրենքը խմբագրելուն։ Արտաշես Խալաթյանը նկատում է՝ գործող Սահմանադրությունն, անկախ հանգամանքից, որ  լեգիտիմության խնդիր ունի, ԱԺ պատգամավորի ու կառավարության անդամի, այդ թվում՝ վարչապետի համար հատուկ է սահմանել վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու ցենզը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես Հայաստանի՝ խորհրդարանական երկիր լինելու հանգամանքը։

 

Խալաթյանը նշում է նաև, որ գործող Սահմանադրության խութերից մեկն էլ այն է, որ դրանում հստակ պահանջ չկա առ այն, որ վարչապետի թեկնածուն պարտադիր պետք է ներառված լինի ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժի ընտրական ցուցակում  և կամ լինել ԱԺ պատգամավոր։ Այս «բացի» հետևանքով էլ կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ ցանկացած անձ, ով բավարարում է  ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին, կարող է իշխող մեծամասնության կողմից առաջադրվել վարչապետ, ինչը չափազանց խնդրահարույց է։  Մինչդեռ ընտրողը՝ սահմանադիրը, պետք է ընտրական պրոցեսի հենց ամենասկբից պատկերացում ունենա, թե ով կարող է լինել իր կյանքի առաջիկա 5 տարիները կառավարող վարչապետը, եթե ձայն տա այս կամ այն քաղաքական ուժին։ Ավելին, եթե կուզեք,  վարչապետի բոլոր հնարավոր թեկնածուները, ըստ նրա, պետք է ի սկզբանե ընդգրկված լինեն ընտրական ցուցակում կամ էլ լինեն տվյալ կուսակցության կամ դաշինքի անդամ։  Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի  ղեկավարած երկրի քաղաքացի է Սամվել Կարապետյանը, 2021-ին  օրենք է ստորագրել, որով արգելվում է պետական համակարգի աշխատողներին երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ արտերկրում։ Այս արգելքը, ի դեպ, ի թիվս այլ պաշտոնյաների, տարածվում է  նաև Պետդումայի՝ ՌԴ օրենսդիր մարմնի անդամների վրա։


Ի դեպ, Պուտին ասացինք, հիշեցինք՝ վերջինիս հետ քիմիական կապով կապված, պոտենցիալ վարչապետացու Ռոբերտ Քոչարյանը ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր սահմանադրական բարեփոխումների ավանտյուրան, իր հարցազրույցում կոշտ էր արտահայտվել հիշյալ գործընթացի մասին՝ նկատելով.  «Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»: Ոսկի խոսքեր։


Հեղինե Մանուկյան