Աթենքում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի նախագահների հանդիպումը

Հունաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հանդիպում։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումը հաջորդել է ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությանը։


Երկու երկրների նախագահները նախ կունենան առանձնազրույց, որից հետո սպասվում է ընդլայնված կազմերով հանդիպում։ Հանդիպմանը Հունաստանի պատվիրակության կազմում են Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յանիս Միխաիլ Լովերդոսը, Հունաստանի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալիկի Խատզին, Միջազգային տնտեսական հարաբերությունների գլխավոր քարտուղար Դիմիտրիկոս Սկալկոսը, Հունաստանի նախագահի աշխատակազմի ռազմական գրասենյակի տնօրեն Էֆթիմիոս Միկրոսը և այլոք։


Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան֊Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և այլոք։


Հայաստանի և Հունաստանի նախագահների հանդիպման օրակարգում բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր են`անվտանգություն, տնտեսություն, առևտրաշրջանառություն, տեխնոլոգիական ոլորտ, գիտություն, կրթություն։


Տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների համագործակցությանը նոր շունչ կհաղորդվի փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Հուշագիրը կստորագրեն ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։


Երկու երկրների նախագահների հանդիպման շրջանակում նախատեսված է շքանշանների հանձնման արարողություն։ Հունաստանի նախագահը Հայաստանի նախագահին կհանձնի «Մեծ Խաչ աստիճանի Փրկչի շքանշան»։ Հայաստանի նախագահը Հունաստանի գործընկերոջը կհանձնի «Փառքի շքանշան»։