Առանց Թուրքիայի՝ Եվրոպայում անվտանգության կայուն համակարգի ստեղծումն անհնար է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Եթովպիայից վերադառնալիս՝ ինքնաթիռի բորտում։
Նրա խոսքով՝ Թուրքիային Եվրոպայի անվտանգության մեխանիզմների մեջ ներառելու ժամանակը վաղուց է հասունացել։
«Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ Թուրքիան կարող է կարևոր ներդրում ունենալ Եվրոպական միության մեջ։ Աշխարհը սրընթաց փոխվում է։ Թուրքիային մի կողմում թողնելն անտրամաբանական է։ Եթե Եվրոպայում պաշտպանության նոր համակարգ ստեղծվի, ակնհայտ է, որ առանց Թուրքիայի այն բավարար չի լինի։ Թուրքական բանակը ՆԱՏՕ-ում ամենաուժեղներից մեկն է, և մենք մի պետություն ենք, որը ցույց է տալիս իր ուժը ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլև դաշտում։ Քանի դեռ դիվանագիտության դռները բաց են, հույս կա։ Եվ մենք կշարունակենք պահպանել այդ հույսը», — նշել է Էրդողանը։