Սեպտեմբերի 25-28-ը Հայաստանի օդն ու մթնոլորտը հագեցած են լինելու դաշնակցական էնտուզիազմով՝ հայդատական ոգով ու ռազմահայրենասիրական քնարով։ Գումարվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ «ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովի նպատակն է գնահատել կառույցների նախընթաց աշխատանքները, քննարկել ու համադրել առաջիկա գործողությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև կատարել մարտավարական որոշակի վերանայումներ: Օրակարգի առանցքում ՀՀ և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների քննարկումն է և դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը»,- ավետել է ՀՅԴ պաշտոնական կայքում զետեղված տեղեկանքը։ Նկատենք, որ միջոցառման բացման արարողությանը ներկա էին ռադիկալ ընդդիմության «պալիտրայի» գրեթե բոլոր գույները՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյան, նույն խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմած ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանց, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյան, Քոչարյանի կրտսեր որդի, «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյան, նույն խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյան, այսպես ասած՝ պրոընդդիմադիր փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Ղարաբաղից և իհարկե Մայր Աթոռից։ Մի խոսքով, Դաշնակցությունը մի հարկի տակ էր հավաքել հասարակական-քաղաքական այն կոնգլոմերատին, որի միակ մուրազը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, մուրազ, որն այդպես էլ ի կատար չի ածվում՝ որքան էլ իրար գլխի հավաքվում, քննարկում, տարատեսակ գաղտնի ու այլազան պլաններ են մտմտում ու դիմադրության գործողություններ իրականացնում։ Այս ամենի ՕԳԳ-ն, ինչպես միշտ, 0 է։
Ինչպես խորհրդաժողովի
բացմանը նախորդած ճեպազրույցի, այնպես էլ բուն միջոցառման ընթացքում հնչած՝ սփյուռքահայ
տարբեր «ռանգի» դաշնակցական գործիչների ելույթներում «կարմիր թելով» անցնում էր,
բնականաբար, խորը դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարած արտաքին
քաղաքականության և մասնավորապես նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների
հանդեպ։ Դաշնակցական սփյուռքը, երիցս փաստենք, կշարունակե խիստ դեմ ըլլալ
Փաշինյանի իշխանավարման՝ անոր մեղադրելով պետականակործան քաղաքականության, Թուրքիո
ու Ադրբեջանի պահանջները հնազանդ կատարելու մեջ։
Ուշագրավ էր մասնավորապես ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը, որը փոխանցեց ՀՅԴ տեղական կառույցի ուղերձը։ Բնականաբար, հանդես գալով բազմակողմանի հալածյալ կուսակցության դիրքերից՝ ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների, ընկեր Իշխանը Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության «լադով» աղաղակեց՝ «թող որոտա մեր գլխին (ՔՊ-ի կողմից սանձազերծված) փայլակ, կայծակ, հուր, երկաթ, թող դավ դնե թշնամին, մենք մինչ ի մահ, կախաղան, պիտի գոռանք, կրկնենք՝ Հայ Դատ ու Դաշնակցություն»։ Ի դեպ, Սաղաթելյանն օրերս ԱԺ ճեպազրույցների ժամանակ «մի ոտ շուտ»՝ նախքան իր սփյուռքահայ ընկերների Հայաստան ժամանելը, անոնսել էր առաջիկայում սպասվելիք քաղաքական ակտիվության, ենթադրյալ դիմադրության մասին, ավելին, թասիբի գցել բոլոր ընդդիմադիր ուժերին, թե՝ նրանք, ովքեր կխուսափեն համախմբումից, «պետք է հանրությանը պատշաճ բացատրություն տան, թե ինչու»։ Ընկեր Իշխանի կուսակցական մեկ այլ ընկեր՝ պատգամավորի աշխատանքին հրաժեշտ տված ու վաստակած հանգստի անցած Արմեն Ռուստամյանը խորհրդաժողովի մասնակիցներին հերթական անգամ հիշեցրեց՝ «այսօր կանգնած ենք ջրբաժանի առաջ»։ Արդեն կորցրել ենք հաշիվը, թե ընկեր Արմենը այս էլ որերորդ անգամ է նույն կապակցությունը կրկնում՝ խոսելով ջրբաժանի մասին, իրականում, սակայն, զբաղվելով ջրապղտորմամբ։ «Հայ ժողովուրդն այսօր կանգնած է ճակատագրական ջրբաժանի առջև. կամ ձևավորել ազգային իշխանություններ, փոխել երկրի այս հակազգային ուղեգիծը և Հայաստանը լինի իրականում հայկական, կամ թողնել, որ այս ընթացքով Հայաստանի թուրքացումը դառնա իրական: Ընտրությունը սա է՝ կամ մեկը, կամ մյուսը»: Ընկեր Արմենը երևի մոռացել է, որ համապետական ընտրություններն ընդամենը մի քանի ամիս առաջ են տեղի ունեցել, հայ ժողովուրդն էլ կատարել է իր ընտրությունը՝ ձևավորելով իր ուզած իշխանությունը։ Այդ ընտրությունների արդյունքում է, որ ՀՀ քաղաքացիները ՀՅԴ-ին ու նրա հետ դաշինք կազմած՝ «նապառնիկ» կուսակցությանը ցույց են տվել իրենց արժանի տեղը՝ տալով հազիվ 144 հազար 983 քվե։ Իսկ ՔՊ-ն, ի գիտություն Ռուստամյանի, անցած ընտրություններում կես միլիոնից ավելի շատ ձայն է ստացել, քան ինքզինքը «ազգային իշխանության» հավակնորդ դիտարկող քաղաքական խմբակը։ Արմեն Ռուստամյանը, լինելով 135-ամյա կուսակցության վառ ներկայացուցիչ, ակնհայտորեն այս ընթացքում չի հասցրել յուրացնել մի պարզ ճշմարտություն՝ ՀՀ քաղաքացիներին այլևս հնարավոր չէ վախեցնել ու տագնապի մեջ պահել «թրքացում» բառը Հայաստանի կողքին հոլովելով։
Մեկ այլ դաշնակցական էլ որոշել էր իրենց վարքագծին հարիր բառ գործածել՝ «կրակել»,
բայց ոչ թե արտաքին թշնամու ուղղությամբ կրակելու մասին է խոսքը, այլ՝ իշխանության
կողմից ինքն իր ոտքին։ «ՔՊ-ական վարչակարգն ինքն իր ոտքին կկրակե՝ փորձելով
թուլացնել ՀՀ-ի համար աշխատող «Հայ
դատի» կառույցը»,- ազդարարել
է Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Իրականում, մինչդեռ, ՀՅԴ-ն է, որ անադեկվատ լինելով ՀՀ
արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերանայումներին՝ իրականում
զբաղված է ՀՀ-ի ոտքին կրակելով՝ փորձելով տորպեդահարել ՀՀ որդեգրած բալանսավորված
ու բալանսավորման քաղաքականությունը, խաղաղության գործընթացը, ՀՀ-ն փորձելով պահել
կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Քանի որ որքան շարունակվի կոնֆլիկտը, այնքան կլինեն
ՀՅԴ-ն ու իր «Հայ դատը»:
Հ.Գ. Ամփոփելով նշենք՝ բոլոր նշաններն ու ազդանշանները ցույց են տալիս, որ
ՀՅԴ տեղական կառույցը շուտով դուրս է գալու հետընտրական պասիվ ռեժիմից ու առաջիկայում նորից դիմադրելու է՝ փողոցային միջոցառումներ,
ցույց-մույց, ակցիա-պիկետ, հատկապես որ նման աշխուժություն ցուցաբերելու համար
ալիբի, եթե կուզեք՝ «թրիգեր» կա՝ Քյարքիի շուրջ «վտանգավոր զարգացումները»։ Բայց
փորձը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն ու խմբակը եթե նորից փորձեն ժողովրդին փողոց հանել,
հերթական անգամ բախվելու են հիասթափության
պատին՝ վերստին կրակելով սեփական ոտքին։
Ընդ որում՝ ցկյանս վիրավոր ու կաղացող։
Հ. Մանուկյան