«Ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ակտիվ դերակատարում է ունեցել Սամվել Կարապետյանի (հայտնի նաև որպես «Կալուգացի Սամո») նախընտրական արշավում, նրա քաղաքական թիմի ակտիվ անդամ է և ըստ իր հնարավորությունների՝ աջակցել է այն անձին, որը հայտնի դարձավ որպես «սեքսի նախարար»։ (-խմբ. Խոսքը Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի մասին է):
Նման բովանդակությամբ հրապարակում է հայտնվել «Բաղրամյան26» տելեգրամյան ալիքում:
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ այժմ Գևորգ Ղազարյանը հավակնում է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ, ինչը խնդրահարույց է:
«Հասարակության լայն շերտերը, այդ թվում՝ երկրպագուներն ու ֆուտբոլիստները, Գևորգ Ղազարյանին ընկալում են որպես քաղաքականության հետ առնչվող գործիչ։ Նա հնարավոր է՝ լավ մարզիչ լինի որևէ կոնկրետ թիմի համար (օրինակ՝ Սամվել Կարապետյանին պատկանող թիմի), սակայն հայկական ֆուտբոլը չի պատկանում Սամվել Կարապետյանին։ Այն պատկանում է բոլորիս՝ տարբեր քաղաքական հայացքներ և Հայաստանի զարգացման վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեցող մարդկանց»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Գևորգ Ղազարյանի նշանակումը ՀՖՖ նախագահի պաշտոնում անխուսափելիորեն կհանգեցնի սպորտաձևի քաղաքականացմանը, կառաջացնի հակամարտություններ և լրացուցիչ վնաս կհասցնի հայկական ֆուտբոլին, որն առանց այդ էլ գտնվում է ծանր վիճակում։
«Հանուն սպորտի, որը վստահաբար Գևորգ Ղազարյանը սիրում է, պետք է հրաժարվի այդ մտքից։ Մասնավորապես մերժի այն մարդկանց, որոնք օգտագործում են իրեն՝ հայկական ֆուտբոլը քաղաքականացնելու և սեփական նեղ, անձնական շահերը սպասարկելու նպատակով»,- եզրափակվում է հրապարակումը: