Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են մայրիկի մոտ. ԶԼՄ

Նախորդ տարի Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են իրենց մայրիկի մոտ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Մանուկ Գալոյանից։


Նա ասաց, որ երեխաները վերադարձել են մայրիկի մոտ ուրբաթ օրը։


«Այժմ երեխաների վիճակը կայուն է, մայրն էլ շատ էր ցանկանում։ Երեխաներն արդեն պատրաստ էին։ Մեր հսկողության ներքո են լինելու։ Գումար ենք հատկացրել, վառելիքի հարցն ենք լուծել։ Երեխաներն արդեն դպրոց են հաճախում»,-ասաց Մանուկ Գալոյանը։


Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին եղել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Պարզվել էր, որ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով, ընդ որում, ըստ ամենայնի, սպանությանն ականատես է եղել երեխայի եղբայրը, որը խոսքի խնդիր է ունեցել, բայց հոգեբանների մասնակցությամբ զրույցում ցույց է տվել պարանոցը։ Երեխայի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։