«ՀԷՑ-ը հավելագրում է արել նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր էջում ուշագրավ մանրամասներ է հայտնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից իրականացված ենթադրյալ չարաշահումների և հավելագրումների վերաբերյալ։


Ըստ պատգամավորի՝ ընկերությունը հավելագրումներ է կատարել ոչ միայն հանրակրթական օջախների, այլև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի սպառած էլեկտրաէներգիայի հաշվին։


Պատգամավորի պնդմամբ՝ ՀԷՑ-ը «անկուշտի պես թալանել է» պետական և համայնքային հիմնարկների, դպրոցների ու մանկապարտեզների միջոցները։ Ալեքսանյանը հայտնել է, որ հավելագրումներ են արվել նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի սպառած հոսանքի վրա՝ շուրջ 261,000 դրամի չափով։


Պատգամավորը նաև հիշեցրել է մի կարևոր փաստ. համաձայն տասնամյակներ առաջ կնքված պայմանագրի՝ ռուսական ռազմաբազայի կոմունալ ծախսերը հոգում է Հայաստանի Հանրապետությունը։


«Չգիտեմ այս լուրը ինչ հետևանքներ կունենա ՀԷՑ-ի նախկին մենեջմենթի համար, բայց նույնիսկ ռազմաբազայի վրա ՀԷՑ-ը հեղինակություն չի ճանաչել, հավելագրել ու թալանել է»,- նշել է պատգամավորը։