Անկյուն կանգնեցված Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մնացել են ջարդված խաղալիքի հույսին

Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, հայտնվել է ծնողների կողմից պատժված՝ անկյուն կանգնեցված, խաղալիքներից զրկված ու մեն-մի հատիկ ջարդված խաղալիքի հույսին մնացած չար երեխայի կարգավիճակում։ Այդ չար երեխան, փաստորեն, այլ անելիք չունի, քան ջարդած խաղալիքի մասին մեկումեջ  հիշելն ու դրանով իր դատարկ առօրյան լցնելը՝ բզբզալը, պատժի կրումը զվարճալի դարձնելու համար։  


ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի վերջին  հայտարարությունն է հիմք տալիս նման համեմատություն անելու։ ԱԺ փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած սույն անձը նորից հիշել է իրենց սիրած ու ջարդված, եթե կուզեք՝ ջարդուխուրդ եղած խաղալիքի՝ «իմպիչմենթի» մասին՝ նշելով, թե մինչև ընտրություններ այդ «խաղալիքը» նորից է հնարավոր գործարկել։ Այսինքն՝ խաղարկել՝ խաղալով իրենց հալումաշ եղած էլեկտորատի նյարդերի հետ։ «Ես չեմ բացառում, որ գարնանը ընդդիմությունը կարող է նաև իմպիչմենթի գործընթացն ակտիվացնել, որովհետև այն չի խանգարում ընտրական պրոցեսին, դրանք զուգահեռ գործընթացներ են։ Ես շատ կցանկանայի, որ ընդդիմադիր ուժերը գիտակցեին, որ իմպիչմենթի հնարավորությունը սպառված չէ»,- մեղրի մասին յոթ երգ իմացող արջի ոճով ազդարարել է Շարմազանովն ու հավելել՝ «Հանրապետական կուսակցության զինանոցում իմպիչմենթի գործիքը սպառված չէ»։


Շարմազանովի այս հայտարարությունը վկայությունն է վերն ասվածի՝ ի դեմս ՀՀԿ-ի պարապ, անօրակարգ, անադեկվատ, հետն էլ՝ բութ քաղաքական ուժի գոյության, որն իր մասին հիշեցնելու, ԱԺ-ում ընդդիմություն աշխատելու իմիտացիա անելու մի ձև գիտի՝ «իմպիչմենթ», ուրիշ ոչինչ։ Հիշեցնենք, որ սույն «գործիքը» ՀՀԿ-ն՝ ի դեմս «Պատիվ ունեմ» խմբակցության,  «Հայաստան» խմբակցության հետ մեկտեղ այս ընթացքում արդեն մի քանի անգամ փորձել է կիրառել,  նույնիսկ վարչապետի թեկնածու առաջադրել, բայց․․․ այդպես էլ չի կարողացել գործն իր տրամաբանական ավարտին հասցնել։ Այս «ծույլիկները», փաստորեն, այդպես էլ ի վիճակի չեղան մի պարզ մաթեմատիկական հաշվարկ յուրացնել՝ ԱԺ-ում ուժերի հարաբերակցության մասին հաշվարկը, որը ոչ մի կերպ, ոչ մի գնով, ոչ մի ձև, ոչ մի դեպքում կամ  պարագայում շանս չի երաշխավորում ընդդիմությանը իրագործել  իր հիվանդագին մտասևեռումը՝ վարչապետափոխություն իրականացնել։


Առաջիկա ամիսներին՝ գարնանը, փաստորեն, մի վերջին անգամ էլ Սերժ Սարգսյանն իր՝ «ռագատկի քարի»  վերածված խմբակցության միջոցով փորձելու է իր վրա ուշադրություն հրավիրել ԱԺ ընտրություններից առաջ։ Մինչև որ ընտրությունների միջոցով ընտրողը վերջնականապես հողին կհանձնի իրենց էլ, իրենց ջարդուխուրդ եղած խաղալիքն էլ։ 


Հ Մ