Նախկին ոստիկանապետ Օսիպյանի և նրա կնոջ գույքի օրինականությունը վիճարկվում է Հակակոռուպցիոն դատարանում

Նախկին՝ հեղափոխությունից հետո նշանակված ու կարճ պաշտոնավարած ոստիկնապետ Վալերիյ Օսիպյանի ու նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանի ապօրինի ծագում ունեցող գույքի գործով ՀՀ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Նշենք, որ հայցադիմումը դատարանն  ստացել է փետրվարի 18-ին։ Փետրվարի 19-ին էլ հայցապահանջը դատարանն ընդունել է վարույթ:Գործով դատավորը Կարապետ Բադալյանն է։


 Նշենք, որ 2018թ իշխանափոխությունից հետո  մայիսի 10-ին Օսիպյանը  նշանակվեց ոստիկանապետ։ Այնուհետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ սեպտեմբերի 18-ի որոշմամբ  Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:


Հավելենք, որ «Մարտի 1»-ի վարույթի շրջանակներում հարուցված քրեական հետապնդման շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Վ Օսիպյանը, որը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի  տեղակալն էր։ Ռ Մելքոնյանը եւս մեղադրյալ կարգավիճակ ունի։