«Փոքրիկ տեխնիկական» փոփոխություն Սահմանադրության մեջ կամ կրկին գտնվել է «բարեհաճ վաճառականը»․ Մարիա Կարապետյանի արձանագրումը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Փոքրիկ տեխնիկական» փոփոխություն Սահմանադրության մեջ կամ կրկին գտնվել է «բարեհաճ վաճառականը»


Ռուսաստանը Հարավային Կովկասի շուրջ առաջին անգամ լուրջ քաղաքականություն մշակեց Պետրոս Առաջին օրոք։ Պետրոսը մտավախություն ուներ, որ եթե Օսմանյան կայսրությունը վերահսկողության տակ վերցնի թուլացող Պարսկական կայսրության գավառները Հարավային Կովկասում, Ռուսաստանը կկտրվի Կասպից ծովից և դեպի Հնդկաստան տանող առևտրային ուղիներից։



Եւ ահա Պետրոս Առաջինը 1722 թվականի իր Կասպիական ռազմական արշավանքը սկսելուց մի քանի տարի առաջ Պարսկաստան է ուղարկում դեսպան-հետախույզ Արտեմի Վոլինսկուն՝ պարզելու հետևյալ հարցերը և կատարելու հետևյալ հանձնարարությունները.



«Ինչպիսի՞ հարաբերություն ունի Շահը թուրքերի հետ, պարսիկները թուրքերի հետ պատերազմ սկսելու մտադրություն չունե՞ն, և արդյոք չե՞ն ցանկանա նրանց դեմ ինչ-որ մեկի հետ դաշինք կազմել։»



«Սերմանել, որ թուրքերը Պարսկական պետության և ժողովրդի գլխավոր թշնամիներն են և որ Ցարական մեծությունը ցանկանում է բարիդրացիական բարեկամություն պահպանել Շահի հետ։»



«Շահին համոզել հրամայել հայերին հում մետաքսի իրենց առևտուրն ուղղել դեպի Ռուսական պետություն։ Հետախուզություն անել հայերի առնչությամբ՝ իմանալու համար, թե արդյո՞ք նրանք շատ են և որտե՞ղ են ապրում, արդյոք նրանց մեջ անվանի ազնվականներ կամ վաճառականներ կա՞ն, և ինչպե՞ս են նրանք վերաբերվում Ցարական մեծությանը, նրանց հետ լինել սիրալիր և հակել նրանց բարեհաճության»։



Իհարկե գտնվեցին այդպիսի վաճառականներ, և նրանց դերը անշուշտ կապված է պարսկական լծից մեր ազգային ազատագրության հետ։ Հայ խոջաները իրենց ժողովրդի համար ավելի լավ պայմաններ էին ուզում, իսկ Ռուսաստանը՝ Հարավային Կովկասը։



Անցել է երեք դար, և այս պատմության մեջ մի կարևոր բան է փոխվել։ Այժմ կա Հայաստանի Հանրապետություն և ժողովուրդ, որը ինքը կարող է որոշել, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ինչ պայմաններով են տարանցելու իր տարածքը միմյանց հետ և աշխարհի մյուս մասերի հետ կապ հաստատելու համար և թե ինչ դեր են խաղաղալու այս ամենում հայազգի բիզնեսմենները։



P.S. Պատկերը 1800-ականների կեսերի ռուս պատմագիր Սերգեյ Սոլովյովի բազմահատորյակի «Հարաբերություններ հայերի հետ» հատվածից է։