Պենտագոնը սկսում է համագործակցություն Իլոն Մասկի xAI-ի հետ․ «Grok»-ը կարող է կիրառվել ռազմական գաղտնի համակարգերում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել Իլոն Մասկին պատկանող xAI ընկերության հետ, որի շրջանակում «Grok» արհեստական բանականության մոդելը կարող է կիրառվել ռազմական նշանակության փակ համակարգերում։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։


Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան ռազմական գերատեսչության առանցքային պայմաններից մեկը արհեստական բանականության կիրառումն է «բոլոր օրինական նպատակներով»։ Այդ նպատակների թվում նշվում են հետախուզական գործունեությունը, սպառազինության մշակումն ու ռազմական գործողությունների օժանդակումը։


Մինչ այժմ պաշտպանության նախարարության կարևոր համակարգերում հասանելի հիմնական մոդելը եղել է Anthropic ընկերության «Claude»-ը։ Սակայն ընկերությունը չի համաձայնել վերացնել սահմանափակումները, որոնք վերաբերում են զանգվածային վերահսկողության և ինքնավար զենքի կիրառման հնարավորություններին։


Axios-ը նաև ընդգծում է, որ առայժմ հստակ չէ՝ կկարողանա՞ xAI-ն լիովին փոխարինել Anthropic-ին և որքան ժամանակ կպահանջվի նման անցումային գործընթացի համար։ Միաժամանակ Պենտագոնը բանակցություններ է վարում նաև OpenAI և Google ընկերությունների հետ։