Իրաքի հավաքականը խնդրել է հետաձգել ԱԱ-2026-ի խաղը

Բրիտանական The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականը դիմել է համապատասխան կառույցներին՝ խնդրելով հետաձգել 2026 թվականի աշխարհի առաջնության մարտյան անցումային հանդիպումը։ Պատճառը տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակն է՝ Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև զինված հակամարտության ֆոնին։


Մարտի 31-ին Իրաքի ընտրանին Մեքսիկայում պետք է մրցի Բոլիվիա – Սուրինամ զույգի հաղթողի հետ՝ ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար։ Սակայն թիմի ճանապարհորդությունը լրջորեն բարդացել է։


Ավելի վաղ Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր երկրի օդային տարածքի փակման մասին։ Այդ պատճառով ազգային թիմը ստիպված է լինելու մոտ 25 ժամ ավտոբուսով ուղևորվել Թուրքիա, որտեղից միայն կկարողանա ինքնաթիռով մեկնել Մեքսիկա։


Բացի լոգիստիկ խնդիրներից, իրաքցի մի շարք ֆուտբոլիստներ և մարզչական շտաբի անդամներ դեռևս չեն ստացել Մեքսիկայի և ԱՄՆ-ի մուտքի արտոնագրեր։ Նախնական ծրագրի համաձայն՝ հավաքականը պետք է ուսումնամարզական հավաք անցկացներ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում։


Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Իրաքի հավաքականի ավստրալացի գլխավոր մարզիչ Գրեհեմ Առնոլդը չի կարողանում հեռանալ ԱՄԷ-ից՝ օդային տարածքի փակ լինելու պատճառով։