Կարևորվել է համագործակցության խորացումը. ԱԳ փոխնախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Մարտի 12-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։


Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն առնչվող հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղապահության դերն այս համատեքստում:


ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերին:


Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հետագա խորացումը, մասնավորապես խաղաղապահության, խաղաղաշինության և զարգացման ոլորտներում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով դրա հանգուցալուծման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը: