193 միլիարդ դրամ մնացել է քաղաքացիների և բիզնեսի մոտ. Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է եկամտահարկի նվազեցման արդյունքները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սկսել է տեսանյութերի շարք, որոնց նպատակն է հանրությանը պարզաբանել իրականացված հարկային բարեփոխումների ազդեցությունը քաղաքացիների բարեկեցության վրա։ Առաջին անդրադարձը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի հետևողական նվազեցմանը։


Նախարարը հիշեցրել է, որ 2019-2020 թվականներից մեկնարկած բարեփոխումների արդյունքում կառավարությունն ու Ազգային ժողովը որոշեցին հրաժարվել պրոգրեսիվ դրույքաչափից և անցնել համահարթեցման.


  • Սկզբնական փուլում դրույքաչափը նվազեցվեց մինչև 23%:

  • Այնուհետև, տարեկան 1 տոկոսային կետով նվազման արդյունքում, այն հասավ 20%-ի։


Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ուշագրավ հաշվարկ, որը ցույց է տալիս բարեփոխման իրական ֆինանսական ազդեցությունը։


«Եթե 2025 թվականին մեր բոլոր եկամտահարկ վճարողները վճարեին նույն դրույքաչափով, ինչ 2019 թվականին, ապա նրանք կվճարեին շուրջ 193 միլիարդ դրամ ավել հարկ։ Սա գործնականում նշանակում է, որ այդքան գումար 2025 թվականին թողնվել է մեր քաղաքացիների և բիզնեսի մոտ»,- նշել է նախարարը։


Ըստ նախարարի՝ սա վերջին տարիների ամենաազդեցիկ որոշումներից մեկն էր, որը հավելյալ հնարավորություններ է ստեղծել մարդկանց համար՝ տնօրինելու սեփական եկամուտներն ու բարձրացնելու կենսամակարդակը։


Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս փոփոխության արդյունքը յուրաքանչյուր աշխատող քաղաքացի զգում է իր բարեկեցության վրա՝ ստանալով ավելի բարձր «մաքուր» աշխատավարձ։