Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն

Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկու կարծիքով՝ Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոն խաղերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով:


«Ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հանձնառությունը Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի նախապատրաստական գործում: Խաղերի պաշտոնական տարբերանշանի ներկայացումը կարևոր հանգրվան է և այն նշանավորում է խաղերի նախապատրաստական նոր փուլը:


Այս պահին բազմաթիվ պետություններ ու կառավարություններ արդեն իսկ հաստատել են Խաղերին մասնակցությունը, ինչը վկայում է վստահության մասին առ այն, որը Հայաստանը կարող է հյուրընկալել այս կարևոր մարզական իրադարձությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար Խաղերն ունեն առանձնակի նշանակություն, ավելին են, քան պարզապես մարզական ու մշակութային իրադարձությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լյուբջանսկին:Ըստ նրա` փոխադարձ վստահության մթնոլորտում շարունակում են նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ոչ մի խոչընդոտ  առկա չէ:   «Վստահեցնում եմ` մենք կանգնած ենք Հայաստանի կողքին` նպաստելու այս խաղերի հաջող անցկացմանը: Ֆրանկոֆոն խաղերը համերաշխության հարթակ են ֆրանկոֆոն երիտասարդության համար, և ակնկալում եմ, որ բոլոր մասնակից պետությունները բացահայտեն Հայաստանն այս լույսի ներքո»,առանձնացրեց նա:2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն  Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը:


Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում:Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:


Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում: