«Գլխի փոքրիկ որդին» չի հավատում Ղարաբաղ վերադառնալու մասին «պապայի» պատմած հեքիաթին


Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության նախկին  նախագահ, Ղարաբաղում ծնված, մեծացած, տուն-տեղ դրած, երեխաներ ունեցած Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակնհայտորեն զբաղված է ԼՂ-ից տեղահանվածների հուզական վիճակը շահարկելով՝ նրանց «կերակրելով» «վերադարձի  իրավունք»-ի մասին սին խոստումներով։ 

 

«Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն ու այդ հարցը բանակցային գործընթաց հետ բերելն է»,-2025-ի փետրվարին հայտարարել էր Քոչարյանը։ Օրերս էլ իր՝ քաղաքացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Քոչարյանն ազդարարեց. «Առաջնային հարցը վերադարձի իրավունքի ճանաչումն է, որը միջազգային   իրավունքից է բխում։ Այդ իրավունքի ճանաչումից հետո պետք է անել հաջորդ քայլը՝ վերադարձող մարդիկ պետք է անվտանգ լինեն։ Այդ տրամաբանության շրջանակներում, այո, հնարավոր է այդ հարցը լուծել։ Սա ժամանա՞կ է պահանջում, այո, ժամանակ է պահանջում։ Դժվա՞ր է լինելու, այո, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելորդ  լավատեսություն հաղորդեմ ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի իրավիճակներ են եղել, որ թվում էր, թե  հարցը ընդհանրապես լուծում չունի,  բայց հետևողական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է»։  Քոչարյանի ասածից մի եզրահանգում կարելի է անել՝ ղարաբաղցիների վերադարձ՝ խաղաղապահների տեղակայմամբ, մի իրավիճակ, որն արձանագրված էր ընդդիմության, այդ թվում՝ իր  կողմից կապիտուլյացիոն որակված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Մի փաստաթուղթ, որի վրա թքած ունեցավ դրա կողմերից մեկը՝ ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորը, որի աչքի առաջ տեղի ունեցավ 2023-ի սեպտեմբերյան ագրեսիան։ Հիմա պարոն Քոչարյանն ուզում է վերադարձնել ղարաբաղցիներին իրենց նախկին բնակավայր երևի միայն այն բանի համար, որ «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջան»-ի կարգավիճակ ունեցող  տարածքում վերստին տեղակայվեն իր հյուսիսայիյն երաշխավորի՝ ՌԴ-ի խաղաղապահները։ Այլ կերպ ասած՝ Քոչարյանի փորացավը ոչ այնքան վերադարձի իրավունքի իրացումն է, որքան խաղաղապահների՝ վերադարձի իրավունքի համար լեգիտիմ նախապայմանի ստեղծումը։ 


Թե քանի՞ տարի հետո է տեղի ունենալու Քոչարյանի պատկերացրած վերադարձը, թե քանի՞ ղարաբաղցի է հավատացել մեկ այլ ղարաբաղցու՝ նախկին նախագահի խոսքերին ու խոստմանը՝ հայտնի չէ,  չենք կարող ասել, բայց Քոչարյան ընտանիքում կա առնվազն մեկ ծագումով ղարաբաղցի, որը ռեալ չի համարում իր ծննդավայր վերադարձը։ Խոսքը «պապայի» հետ մարզային այցերին մասնակցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մասին է։ Նա, ի դեպ, օրերս իր տիկնոջ՝ Սիրուշոյի հետ սոցցանցային ուղիղ եթերի ժամանակ հայրենասիրության մասին ճամարտակումների արանքում խոսեց նաև Ղարաբաղ վերադառնալու մասին։ Հետևորդներից մեկի հարցին՝ «Եթե Արցախը օկուպացված չլիներ, կուզեի՞ք ապրել Արցախում» հարցին (Սիրուշոն հարցը կարդալուց հետո նկատում է՝ արդյոք կուզե՞ր դրան պատասխանել, թե՞ «ցավոտ հարց» է), Լևոն Քոչարյանն արձագանքում է «Իհարկե ցավոտ է։ Տարին ոնց էլ լինի՝ մի քանի անգամ, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո ենք գնացել՝ էդ ճանապարհը, խաղաղապահները․․․ երեխաների հետ գնացել ենք։ Ու․․․ շատ ցավալի թեմա ա։ Ապրելը մի քիչ դժվար ա, որովհետև ամեն դեպքում 97 թվից էստեղ եմ ապրել, այսինքն՝ ամբողջ հասուն, գիտակից կյանքս էստեղ ա ձևավորվել»,- հարցի տակից փորձում է դուրս գալ Քոչարյան կրտսերը, իսկ Սիրուշոն մեջ է ընկնում, թե՝  «դրանով էլ չի դրսևորվում մարդու հայրենասիրությունը, կապ չունի՝ որտեղ ես ապրում, որովհետև էդ էլ կա՝ որտեղ ես ապրել, գնայիր, էնտեղ ապրեիր»՝ նկատի ունենալով Ղարաբաղում ապրել-չապրելը։ Լևոն Քոչարյանը հայրենասիրության դասեր տվող իր տիկնոջը փորձում է ընդհատել, թե՝ «գիտե՞ս «վերջը» որն ա, որ էս ամեն ինչից հետո Արցախ չկա, գրում են՝ բա գնացեք ձեր Ղարաբաղը (հեգնանքով, բերանը լոճելով-խմբ)՝ ատելությունով։ Օկ, կարաք ինձ չընդունեք, կարաք ինձ չսիրեք, բայց․․․ այսինքն՝ ինչ ա նշանակում՝ գնացեք ձեր Ղարաբաղը, էլի, այսինքն՝ ո՞ւր գնանք։ Ինչ  կա-չկա՝ տվել են, հանձնել են, հիմա էլ ասում են՝ գնացեք․․. Շատ վատ ա, որ Զաբելը (դուստրը-խմբ.)չի եղել։ Ոչինչ, մի օր՝ միգուցե»։    


Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ շնորհակալություն անկեղծության համար, որը հուշում է՝ ոչ մոտ ապագայում, ոչ էլ հեռանկարում որդի Քոչարյանը չի տեսնում Ղարաբաղ վերադառնալու, առավել ևս՝ այդտեղ ապրելու շանս և հնարավորություն։ Բայց «զատո» հայրիկը ղարաբաղցիներին  ընտրական նպատակներով մոբիլիզացնելու համար զբաղված է նրանց ուղեղները վերադարձի մասին օճառափրփուրով  լվանալով, ներշնչելով, որ մի օր (այդպես էլ ժամկետ չհիշատակելով) նրանք կվերադառնան։ Կվերադառնան այն տարածք, որի  անկախությունը  միջազգային հանրության կողմից այդպես էլ չճանաչվեց, տարածք, որն, ինչպես իր հետ քիմիական կապի մեջ եղող Պուտինն ու նրա ԱԳ նախարար Լավրովն էին փաստում՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս», տարածք, որի ժողովրդի անցկացրած անկախության հանրաքվեն զրոյացրեց ինքը՝ Քոչարյանը, համաձայնելով Ադրբեջանի հետ բանակցել տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքներ»-ի հենքի վրա։ Գործիչ, որն այդպես էլ  պաշտոնը թողնելուց հետո չվերադարձավ իր ծննդավայր, չբնավորվեց այնտեղ, իր երեխաներին ու թոռներին չկապեց այն տարածքի հետ, որտեղ իր «քոքն» ու արմատներն էին։


Ինչո՞ւ։ Երևի իր կոսմոպոլիտ հարսիկ՝ Կանադաներում, ԱՄՆ-ներում ապրած  Սիրուշոյի հայրենասիրության «մոդելով» էր սիրում իր հայրենիքը, այն է՝ ի՞նչ Ղարաբաղ, ի՞նչ Հայաստան, որտեղ հաց՝ փող ու առասպելական հարստություն դիզելու ֆանտաստիկ հնարավորություն, էնտեղ․․․ կաց։     

Հ. Մանուկյան