ՄԻՊ-ը ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից  հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում:

«Պաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին: 

Պաշտպանը ներկայացրել է նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ շեշտելով բռնի տեղահանված անձանց իրավունքների շարունակական երաշխավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Պաշտպանի կողմից արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների՝ միջազգային իրավունքին հանրածանոթ մեխանիզմների ներդրմամբ  հասցեագրման կարևորությունը:

ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարն այս համատեքստում կարևորել է Պաշտպանի մանդատի շրջանակում թե՛ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, և թե՛ պետությանը ներկայացվող առաջարկությունները:

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ: