«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։


«Վ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջինս ձերբակալվել է»,- նշել է Ավդալյանը։


Ավելի վաղ, Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով ձերբակալվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։